ընկա, հազիվ թե կարացի մի քիչ ձուկը և լավ դոշ ճարել, էն էլ ի՞նչ գնով, աստված ազատե...
— Դուք չեք մտածում աղքատների համար, հայր իմ, այն խղճալիքը ի՛նչ պետք է անեն,— հարցրեց երիտասարդը։
— Նրանք առանց ձուկի էլ կարան յոլա գնալ, որդի, բայց մե՛ր բանը դժվար է, մե՛րը...
— Գոնյա՛ ուտելու ցամաք հաց պիտի ունենան։
— Ցամաք հաց ճարելը հեշտ է, որդի, բայց մեր բանը դժվար է, որ ղաբլու-փլավը առանց աղջանաբաթ չենք կարացի ուտել։
— Ինչո՞ւ մենք միշտ ղաբլու-փլավ պիտի ուտենք, և այդպիսի փառավոր տներում ապրենք, բայց աղքատը գիշերը յուր գլուխը դնելու մի տեղ չունենա, և կարոտ մնա պատառ հացի։ Ինչո՞ւ նրանց համար չպետք է մտածենք։
Արտեմ Պավլիչի դեմքի վրա վազեց մի արհամարհական ծիծաղ։
— Ինչո՜ւ...— կրկնեց նա խորհրդական ձայնով։— Էդքան որ կարդացել ես, է՞ս էլ չես սորվի, թե ինչու,— էնդուր վուր աստված աղքատին աղքատ է ստեղծել, հարստին՝ հարուստ. մեզ տվել է փլավ, նրանց՝ ցամաք հաց։ Թե փլավը, թե ցամաք հացը բոլորը նրանն է պատկանում. ումը ինչ կուզե՝ էն կուտա, ո՛վ կարա նրա ձեռքը բռնեք, մեռնի՜մ նրա մեծ զորությանը...
Եվ Արտեմ Պավլիչը սկսավ ջերմեռանդությամբ խաչակնքել յուր երեսը։
«Այդ էլ մեր եսականների վարդապետությունը»...— ասաց յուր մտքում երիտասարդը և հեռանալով ճաշի սեղանից, ասաց հորը.
— Բայց դուք մոռանում եք, հայր, որ աստված հարուստներրին պատվիրեց, որ նրանք ողորմություն անեն աղքատներին։
Վերջին խոսքը համարյա չլսեց Արտեմ Պավլիչը։
Ը
Բաքոսյանը արդեն սկսավ հայտնվիլ նույն քաղաքի հասարակության բարձր և միջին դասերի զանազան խավերումը։
Տիկին Նասիրովն ուներ վեչեր:
Երևելի վաճառական հանգուցյալ Նասիրովը, մեռնելով յուր հիսունամյա հասակում՝ թողեց յուր միակ դստերը, գեղեցիկ Նատոյին,