Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պրպտումների կարիքը չի զգում։ Րաֆֆին «Փունջ»-ի երկրորդ հատորի ներածականում քննելով մի շարք հարցեր` հայտնում է, որ «այս գրքի մեջ պարունակած վեպիկները (որոնց մեջ է նաև «Անմեղ վաճառք»-ը) մենք գրել ենք Թիֆլիսում 1872—73 թվականներում» (էջ VII)։

«Անմեղ վաճառք»-ը առաջին անգամ տպագրվում է 1874 թվականին «Փունջ»-ի երկրորդ համարում, ապա նաև 1893 թվականին «Վեպիկներ և պատկերներ» ժողովածուի երկրորդ գրքում։ Այս վեպիկը մեր օրերում տպագրվել է Հայպետհրատի կողմից ձեռնարկած Րաֆֆու երկերի 1949 թվականի հրատարակության առաջին հատորում։ Ավելի ուշ` 1956 թվականին «Անմեղ վաճառքը» հրապարակվել է հեղինակի երկերի տասհատորյակի չորրորդ հատորում:

Տեքստը տպագրության նախապատրաստելիս կազմողները հենվել են «Փունջ»-ի երկրորդ հատորի վրա:


Ո՞Վ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ

«Ո՞վ էր մեղավոր» վեպիկը Րաֆֆու անտիպ ստեղծագործություններից է: Հեղինակի մահվանից հետո, երբ նրա աշխատությունների տպագրության գործի իրավունքը անցնում է Աննա Րաֆֆու ձեռքը, վերջինս աշխատում է հրատարակել Րաֆֆու սպառված ու դեռևս անտիպ ստեղծագործությունները։ 1892 թվականին նրա տպագրած «Վեպիկներ և պատկերներ» գրքի առաջին հատորում մի քանի այլ գործերի հետ առաջին անգամ լույս է տեսնում նաև «Ո՞վ էր մեղավոր» ստեղծագործությունը։ Երկու տարի անց 1895 թվականին Թիֆլիսում այս վեպիկը հրատարակվում է նաև առանձին գրքով։ Ժամանակի մամուլը, հատկապես «Տարազը», բացասաբար վերաբերվեց այս աշխատության հրատարակմանը։ (Տե՛ս, «Տարազ», 1895 թ., N 13, էջ 202)։

Վեպի գրության ստույգ թվականը հայտնի չէ։ Պետք է ենթադրել, որ այն գրվել է 70-ական թվականների սկզբին։

Մեր օրերում «Ո՞վ էր մեղավոր»-ը առաջին անգամ տպագրվել է Հայպետհրատի կողմից ձեռնարկված Րաֆֆու երկերի 1949 թվականի հրատարակության առաջին հատորում։ Այնուհետև 1956 թվականին այս վեպիկը հրատարակվել է հեղինակի երկերի տասհատորյակի չորրորդ հատորում։

Տեքստը տպագրության նախապատրաստելիս կազմողները հենվել են 1893 թվականի հրատարակության վրա։

ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻՆ

Այս վեպիկի գրության շարժառիթն է հանդիսացել Հայրենիքից Պոլիս եկած համալի ու չոփչիի չարքաշ աշխատանքը ստանձնած մշեցի գաղթականների կյանքը։ Այս թեման բռնակալական աշխարհի նկատմամբ տածած բուռն ատելության հետ միասին տարիներ շարունակ զբաղեցրել է Րաֆֆու միտքը և շարժառիթ է հանդիսացել ինչպես մի շարք հոդվածների, այնպես էլ «Ղարիբ մշեցին» վեպիկի գրության հարցում։ Րաֆֆին ամենայն իրավամբ ռուսահայ վիպագրողների մեջ իրեն է վերապահում տաճկահայերի կյանքի թշվառ դրությունը