Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես լսեցի, դուք կամենում եք հրատարակել մի լրագիր։

— Այո՛, մի այդպիսի նպատակ կա։

— Ի՞նչ լեզվով։

— Հայերեն լեզվով։

— Հայերեն լեզվով լրագի՞ր...— բացականչեց օրիորդը մի քնքուշ արհամարհական կնճիռ ձևացնելով յուր գեղեցիկ դեմքի վրա։

Ժ

Հետևյալ կյուրակի օրը Բաքոսյանը դարձյալ այցելության գնաց մեր ընթերցողին նախածանոթ տանը, ուր կենում էին մշակներ։ Բայց այս անգամն նրանք չփախան երիտասարդից, այլ ընդունեցին նրան որպես իրանց բարեկամին։

Նրանք պատմեցին, որ բիլեթ պահանջող չինովնիկը այլևս չէ գալիս, և նրա փոխարեն հաճախում է նրանց մոտ մի բժիշկ Ստեփան Դանելիչ Բարակյանց անունով, որ հրամայեց տանտիրոջը միշտ մաքուր պահել նրանց բնակության տեղը, որ նրանցից ամենևին փող չէ՛ առնում, և բոլորովին ձրի դարմաններ է տալիս հիվանդներին։ Եվ մշակները շնորհակալությամբ օրհնում էին այդ բոլոր փոփոխությանց պատճառ եղող անձին։

Բաքոսյանը նստեց տախտակով կապած մի թախտի վրա, որ նոր շինված էր մշակների քնելու համար, և խնդրեց, որ նրանք նույնպես նստեին։

— Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ երկրից եք դուք,— հարցրեց նա։

— Է՛հ, աղա ջան, ամեն երկրից մարդիկ կան մեր մեջ,— պատասխանեց մի ալևոր։— Այստեղ կան Տաճկաստանից — մշեցի բաղիշեցի, վանեցի, արզրումցի և մինչև անգամ ատանացի։ Պարսկաստանից — խոյեցի, սալմաստեցի, ուրմիացի, մարաղացի, մուժումբարցի և մինչև անգամ սպահանցիք։ Կավկազից — հիննախիջևանցիք, երևանցիք, ագուլեցիք և այլն։

— Ի՞նչ պատճառով դուք թողել եք ձեր երկիրը, ինչո՞ւ դուք չեք կենում ձեր հայրենիքում։

— Քո խոքուն ղուրբան ըլեմ, աղա ջան,— պատասխանեց մի ալևոր սալմաստեցի,— վա՞վ կթողնի յուր վաթանը, իր օջախը, վա իր օղլուշաղը, կերթա ղարիբ-ղուրբաթ վըլայաթ, ակար էն մառթը նաչար չըլի, հաղդարի շարամանդա չըլի․․․ Մեգնե ըմեն մեկը մե