դարդ ունի, մե ցավ ունի, որ դար խըմար ընկերի դիար-բաղիար.... Թուրքի ռայաթ ենք, աղա ջան, մե թեխանց աղան զոռ անելի, խարջ ուզելի, մե թեխանց դիվաննի զոռ անելի, մեղիկ թալանելի, մե թեխանց պառքնդերը մեր լաճերը փողի ավազ տանելի որ տաճկցուցի... էտենց խազարը մեկ զուլումներ կան, որ մեկը ասեմ..․ էլ մեր երկրի մեջ չենք նալի աշխատանք անել, անօրենի երկիր ի, թուրքերը գլուխքերուս տաս են, միր դադածը խլես են։ Ջաներուս դարդեն էկիր ենք ղարիբ-ղուրբաթ վըլայաթ, որ մե քանի շահի փող դադենք, տանենք մեր քըլֆաթը պախենք...
Ալևորը վերջացրեց յուր խոսքը, և նրա շիջած աչքերու մեջ պահված էին մի քանի կաթիլ արտասուք, որ սկսան գլորվիլ սպիտակ մորուքի վար։
Բաքոսյանի սիրտը խորին կերպով խոցվեցավ այդ խոսքերից...
Ալևոր սալմաստցու խոսքերը այնպես ազդեցին Բաքոսյանի սրտին, մինչ նա լացելու չափ վրդովվեցավ։ Բայց զսպելով յուր սրտի կսկիծը, հարցրեց.
— Այստեղ ի՞նչ է ձեր պարապմունքը։
— Ամեն օր վաղ առավոտյան մեր փալանները առած, գնում ենք մեյդան, կամ փողոցներում վզներս ծռած, կանգնում ենք, սպասում ենք, որ մի մարդ մի բեռն մեր շալակը տա, տանենք տեղը հասցնենք, որ մի քանի կոպեկ վարձ ստանանք,— ասացին մի քանիսը։
— Ձեզանից բոլորը այդ զործո՞վ են պարապած։
— Ո՛չ, կան մեզանից այնպիսիներ, որ ճանապարհներ ուղղելու վրա են բանում, կան, որ տներում շինության վրա են բանում, բայց փոդրատչիկը ամենին թալանում է, «վնաս արեցի».— ասելով վարձիցը կտրում է։ Մեզանից բախտավոր են այնպիսիները, որոնք կամ քարվանսարաներում օդաբաշիներ են, կամ զավոդներում և կամ ֆաբրիկաներում են բանում։
— Դուք բացի կյուրակիները չունե՞ք ուրիշ ազատ օրեր։
— Ո՛չ, աղա ջան, կյուրակի և տոն օրերը միայն չենք գործում։
— Ասացե՛ք, խնդրեմ, եթե մինը ձեր այդպիսի անգործ օրերում որևիցե առարկայի վրա ձեզ դասախոսություններ անելու լիներ, դուք կլսեի՞ք նրան։
— Քարո՞զ կարդար։
— Հա՛, այդպիսի մի բան։