Պավլիչ, ի՛նչպես որ ըլի՝ պիտի մեկ տեղանց ճարիս, տաս։ Հիմի ի՞նչ պիտի անինք, Միշա ջան, մեր կնյազն է, ինչպես որ ըլի՝ պիտի ուրիշից ճարենք նրան տանք, դու գիտես, որ ես հիմի փող չունիմ։
— Ես չգիտեմ, որ... — ասաց Բաքոսյանը։
— Հորեն, Միշա, էն սնդուկումը,— շուտով կտրեց Արտեմ Պավլիչը որդու խոսքը,— կնյազը մի քանի բաներ էլ բերել է, որ գրավ թողնի մեզ մոտ, գնա մտիկ արա։
Երիտասարդը վեր կացավ, բաց արավ սեղանի վրա դրած փոքրիկ արկղիկը, որի մեջ կային ոսկեղեն գոհարազարդ մի քանի կանացի թանկագին բաներ, որպիսին են՝ ապարանջաններ, մանյակ, մահիկը (մեդալիոն) և այլն։
— Դրանք, Միշա, կնեյնա Նինուշկայի ապրանքն է. գիտեմ, որ ուրիշ մարդու չի մավա կենա, բայց կնյազը լավ է ճանաչում ինձ, որ ես Արտեմ Պավլիչն եմ, օչովին խայանություն չեմ տնի...
— Վերջապես ի՞նչ եք կամենում ինձանից,— համբերությունը հատնելով հարցրեց երիտասարդը։
— Հա՜, էն էի ուզում ասել, Միշա, վեր առ առաջ մին վեքսիլ գրե 3000 մանեթի մինչև հինգ ամիս ժամանակի, հետո մին պայման գրե, էդ բաները, որ կնյազը բերել է՝ պայմանի մեջ մին-մին նշանակի՛ր, եթե մինչև հինգ ամիս փողն չստանամ, կնյազը պարտավոր է բացի այդ 3000 մանեթը՝ 500 մանեթ էլ շտրաֆ տա ինձ, ես էլ իրավունք ունենամ գրավները ծախել, իմ փողը վեր առնել։
— Գիտե՛ք, կնյազ,— դարձավ նա դեպի վրացին.— ես մեկ ճշմարիտ մարդ եմ, իմ ամեն բանը դրուստությունով է, լավ է, որ էս գլխեմեն ասեմ, որ դուք էլ հասկանաք հեսաբը. ես քեզ 2500 մանեթ նաղդ փող կտամ. թումանը երկու ապասով մեկ ամիսն 100 մանեթ շահ կու բանե, էդ էլ հինգ ամսումը կանե 500 մանեթ, դրա համար եմ ասում, որ վեքսիկը 3000 մանեթ գրե։ Իմ մամի հոգին գիտենա, որ իմ կյանքումս էսպես էժան օչովին փող շահով տված չունիմ։ Բայց ի՛նչ անիմ, բարեկամ մարդ ես, խաթրիցդ չեմ անց կենում...
— Իհարկե, Արտեմ Պավլիչ, մեր բարեկամությունը մի օրվա համար չէ՛ խոմ,— պատասխանեց իշխանը համաձայնվելով վերոհիշյալ պայմաններին։
— Դե՛, վեր առ գրե՛,— դարձավ Արտեմ Պավլիչը դեպի որդին։