— Ես այդպիսի պայման չեմ կարող գրել,— պատասխանեց երիտասարդը հայերեն լեզվով, որ իշխանը չհասկանար։
— Ինչո՞ւ,— հարցրեց հայրը աչքերը լայն բացելով։
— Նրա համար որ, առաջին՝ այդ մարդը օրենքով իրավունք չունի յուր կնոջ սեփականությունը գրավ դնելու, երկրորդ՝ բոլորովին օրենքի հակառակ բան է հինգից ավել տոկոս առնել։
Արտեմ Պավլիչի աչքերը վառվեցան բարկությունից։
— Դե՛ գնա՛, հեռացի՛ր, որ էդ մարդը բան չհասկանա։
Որդին հեռացավ։
«Էդ զակոնները ես լավ գիտեմ», ասաց ծերունի վաշխառուն յուր մտքի մեջ, «դժվար բան չէ, կնկան էլ ձեռք քաշել տալը պայմանի վրա»։
— Գիտես, կնյազ,— դարձավ Արտեմ Պավլիչը որդու գնալուց հետո դեպի յուր զոհը։— Իմ Միշեն զագրանիցայեն գալու ժամանակ ճանապարհին հիվանդացել էր, մինչև հիմի էլ տաքցնում է, ձեռքերը դողում են, չկարացի գրել. խնդրեմ մի փոքր սպասել, ես էս րոպեին կանչել կտամ իմ գրագրին, այսօր կիրակի լինելու համար տանը չէ՛։
— Շատ լավ, ես կսպասեմ,— ասաց իշխանը։
ԺԲ
Մի օր երեկոյան պահուն Բաքոսյանը, դառնալով տուն, այնտեղ գտավ տիկին Շնորհաբաշխին։ Նրա մոտ նստած էին Արտեմ Պավլիչը և տիկին Մարիամը թեյ էին խմում։
Տիկին Շնորհաբաշխը խոսում էր, ծիծաղում էր, հանաքներ էր անում և զանազան ընտանիքներում պատահած հետաքրքրական անցքեր էր պատմում։
Տեսնելով երիտասարդին՝ բոլորի դեմքի վրա երևաց մի հաճության ժպիտ։
— Թողեք ե՛ս ասեմ,— ձայն տվավ տիկին Շնորհաբաշխը:
— Չէ՛, ե՛ս կասեմ,— նրա խոսքը կտրեց տիկին Մարիամը։
— Բա՛, ես չե՛մ կարա ասել,— մեջ մտավ Արտեմ Պավլիչը։
— Ի՞նչ եք ուզում ասել,— կրկնեց երիտասարդը, ձեռք տալով վիճողներին։
— Քեզ ուզում են նշանել,— առաջ ընկավ տիկին Շնորհաբաշխը։