Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ լա՛վ բան է,— ժպտալով պատասխանեց երիտասարդը։

— Բա վա՞տ բան է...— ուրախությամբ ձայն տվավ Արտեմ Պավլիչը։

Տիկին Մարիամը խորին հոգեզմայլության մեջ էր։

— Թե գիտենաս ու՛մ վրա, Միշա, էս րոպեիս ուրախությունից վեր-վեր կթռչես,— առաջ տարավ տիկին Շնորհաբաշխը։

— Ասա՛, ո՞ւմ վրա, մի՛ վախիր, չեմ թռչկոտի,— մեղմ ձայնով պատասխանեց Բաքոսյանը։

— Դու ուզում ես, որ էդպես հեշտությամբ գիտենա՞ս. ի՞նչ կտաս, որ ասեմ։

— Ինչ որ ուզում ես կտամ, եթե չասես։

— Դրա՛ն մտիկ տուր, դրան, նազ է՛լ է անում,— դարձավ ծիծաղելով դեպի Արտեմ Պավլիչը տիկին Շնորհաբաշխը։

— Նազ կանե, բա ի՞նչ կանե,— կրկնեց Արտեմ Պավլիչը որդու վրա հպարտանալով։

— Հանաքը դենը կենա,— շարունակեց տիկին Շնորհարաշխը, կրկին դառնալով դեպի երիտասարդը,— Միշա, ուզում ենք Նասիբովենց Նատոն նշնել քեզ համար։ Ի՜նչ աղջիկ է, սիրուն, խելացի, ուսումով, հունարով, մի խոսքով, մոդնի աղջիկ է, էլի՛։

Երիտասարդը լուռ լսում էր։

— Դու փողն ասա, Աննա Կիրիլովնա, փո՛ղը,— ձայն տվավ Արտեմ Պավլիչը։— Հոր մի հատիկ զավակ է, էնքան տուն, տեղ, էնքան հարստություն նրան է պատկանում։

— Մի խոսքով, իմ Միշիս լայաղ աղջիկ է,— մեջ մտավ տիկին Մարիամը։

— Գուցե դրանք բոլորն ուղիղ լինեն... միայն ես դեռևս պսակվելու նպատակ չունեմ,— պատասխանեց Բաքոսյանը սառնությամբ։

— Դու էլ մեր քաղքի տղերքի պես սպասում ես մինչև մազերդ սպիտակին, ակռեքդ թափին, էն ժամանակ պսակվի՞ս,— կշտամբելով ասաց տիկին Շնորհաբաշխը։

— Ո՛չ, այդ չէ պատճառը, միայն ես այժմ մի այնպիսի անորոշ դրության մեջ եմ, որ ինձ դեռևս վաղ է մտածել ամուսնության վրա։

Արտեմ Պավլիչը սկսավ զարմանալ։

— Էլ ի՞նչ ես ուզում, ի՞նչ,— ձայն տվավ նա,— հարստություն ես ուզում — ունի, ուսում ես ուզում — ունի, գեղեցկություն