վարկը, և իրանք մինչև ո՛ր աստիճան կզարգանան այդպիսի գործերում ։
— Այդ արդարև կարող է բարվոքել մշակների դրությունը, երբ նրանք ինքնօգնության միջոցներ կունենան։
— Ես առավոտյան խնդիրը կմատուցանեմ գլխավոր վարչությանը, և հուսով եմ շուտով հրաման ստանալ։
Ժողովը ցրվեցավ կատարյալ համակրությամբ։
ԺԴ
Այդ ժողովները, որ շարունակում էին շաբաթը մի անգամ, մի կողմից որքան բավականություն էին տալիս Բաքոսյանի ցանկություններին՝ մյուս կողմից այնքան գրգռում էին Արտեմ Պավլիչի տհաճությունը։
Այդ պատճառով մի օր ասաց նա յուր կնոջը։
— Ի՞նչ պիտի ըլի էդ դավի-դառաբի վերջը։
— Ի՞նչ դավի-դառաբա,— զարմանալով հարցրեց Մարիամը։
— Էդպես որ գալիս են, գնում են, ուտում են, վիթում են․․․
— Ո՞վքեր։
— Չե՞ս իմանում, էդ մոթրեվուլ (թափառական) քաղցածները, որ տղիդ նոր ընկերներ են դարձել։
— Ի՞նչ կա որ գալիս են, ջահել տղերք են, միասին հավաքվում են, խոսում են, ժամանակ են անցկացնում։
— Ա՛խր նրանք ո՞վքեր են, ո՞ւմ տղերքն են, որ հավաքել է յուր գլխին։
— Դու ի՞նչ ես հոգում, որ տղիդ նրանք են դուր գալիս։
— Գանա իմ տունը բաղնի՞ս է, ով որ ուզենա մտնե։
— Է՜հ, քեզ հետ գլուխ չունեմ,— ասաց տիկին Մարիամը տհաճությամբ և հեռացավ յուր ամուսնուց։
Արտեմ Պավլիչի այդ վրդովմունքի մեջն էր, երբ նրա որդին տուն դարձավ։
— Ո՞ւր էիր, Միշա,— հարցրեց նա։
— Գնացել էի խնդիր մատուցանեմ, որ լրագիր հրատարակելու հրաման ստանամ,— ուրախությամբ պատասխանեց երիտասարդը։
Արտեմ Պավլիչի դեմքը խոժոռվեցավ։
— Քեզ ասում եմ, Միշա, էդպիսի դարտակ բաներիցը ձեռը վեր կալ, խելքդ գլուխդ հավաքի՛ր, կազեթներում տուտուց բաներ գրելը քեզ մին սև փող օգուտ չի տալ։