Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոքրիկ տունը, որի մեջ բնակվում էր երիտասարդը՝ պատկանում էր մի ազնվական այրի կնոջ, որի ամուսինը թողել էր միակ ժառանգությունն յուր մի հատիկ աղջկան, որի չքավոր հասույթուվ ապրում էր նա յուր մոր հետ։

Երիտասարդը վարձել էր այստեղ մի փոքրիկ սենյակ, ուր մի աննշան վճարքով չափավորապես կերակրվում էր։

Հանկարծ դռները բացվեցան, ներս մտավ մի մանկահասակ օրիորդ։ Նա յուր կուրծքի վրա բռնած՝ բերում էր մի քանի կտոր փայտ։ Եվ հուշիկ քայլերով մոտենալով հնոցին, սկսավ վառել նրան։

Երիտասարդը ամենևին չնկատեց նրան։ Բայց վառարանի պայծառ լույսը, որ շուտով ծավալվեցավ մռայլոտ սենյակի մեջ՝ դեպի այն կողմը դարձրեց երիտասարդի ուշադրությունը, և նա նկատելով աղջկան, «Ա՜խ, Մանիշակ», գոչեց և վեր թռավ տեղից.

— Դու ի՞նչ գիտեիր, որ այս րոպեիս իմ մատներր, ցրտից սառած, այլևս ընդունակ չէին գրիչ շարժելու։

— Ես գիտեի...— պատասխանեց օրիորդը քնքշությամբ։

— Ապա ինչո՞ւ շուտով վառել չտվիր։

— Ծառայի մայրը գյուղից եկել էր, և ծառան գնացել էր նրան տեսնելու, ես սպասեցի, սպասեցի, չդարձավ։

— Հետո՞։

— Ես ուզում էի ինքս գալ վառելու...

— Հետո՞։

— Վախում էի մայրս բարկանա։

— Եվ դու տխրո՞ւմ էիր, որ արգելում են քեզ։

— Այո, տխրում էի...

— Հետո՞։

— Հետո այնքան սպասեցի մինչև մայրս քնեց։

Երիտասարդը ժպտեցավ։

— Ինչո՞ւ այդպես բարի ես դու, Մանիշակ։

Օրիորդը շառագունեցավ և կամենալով փոխել այդ խոսակցությունը՝ ասաց.

— Դու միշտ գրում ես, Միքայել։

— Այո , գրում եմ... մեզ մնացել է այժմ թանաք և գրիչ...

— Դու խոստացար ինձ հայոց պատմությունից դասեր կարդալ։

— Ես միշտ պատրաստ եմ. եթե դու այնքան բարի կլինես ինձանից դասեր ընդունելու։