Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես շատ ուրախ կլինեմ։

— Ուրեմն սկսենք այս գիշերից,— հեգնորեն ասաց երիտասարդը։

— Արդեն գիշերային երկրորդ ժամն է։

— Ուրեմն գնա՛, հանգստացի՛ր իմ հրեշտակ, ես էլ շատ զբաղված եմ։

Օրիորդը, յուր գեղեցիկ աչքերը վերջին անգամ դարձնելով դեպի երիտասարդը՝ «բարի գիշեր» ասաց և հեռացավ։

«Ահա՛ մի հում և անխարդախ նյութ, որից կարելի է մշակել մի օրինավոր բան», ասաց յուր մտքում Բաքոսյանը օրիորդի գնալուց հետո։

ԺԶ

Տիկին Մարիամը, ոչ միայն քնքուշ սրտով մայր էր, այլ նա բարի և խղճմտանքով կին էր։ Յուր որդու հայրենական տնից հեռանալուց հետո նրա աչքերի արտասուքը չէր շորանում։

— Մինչև ե՞րբ մեր որդին օտարի տանը պիտի ապրի, ասաց նա մի անգամ յուր ամուսնուն:

— Կգա, Մարիամ, մի՛ շտապիր, նա ինքը կգա,— պատասխանեց Արտեմ Պավլիչը խորհրդական ձայնով։ — Նրա գլխումը ջեր ինչ որ զագրանիցի իծաներ են պտուտ գալիս. երբ էնդոնք ոադ կուլին, էն ժամանակ ինքը կուգա. դու մի՛ շտապիր։ Թո՛ղ մի քիշ սարե-սար, քարե֊քար ընկնի, ջարդվի, մաշվի՝ որ փորձվի, խելոքանա ու նոր մարդ դառնա։

— Էդ ինչե՞ր ես խոսում, ողջ քաղաքը տղիդ ուսումն ու խելքն են գովում, դու ասում ես, նորից գնա՛ խելք սովորի, մի՞թե նա հիմար է։

— Հիմար չէ՛, Մարիամ, միայն մեր աշխարհքի կարգն ու ադաթը ջեր չէ իմանում: Լսի՛ր, ես էս րոպեին կհաստատեմ նրա անփորձությունը։

Տիկին Մարիամը չափազանց վշտացավ այդ խոսքերից։

— Նա՛,— առաջ տարավ Արտեմ Պավլիչը,— նա վարժատներում դաս է տալիս։ Ինչ է՝ որ աշակերտները բան սովորին, խելացի մարդիկ դառնան: Բայց չէ մտածում թե որ ամենքն էլ բան գիտենան, խելացի մարդիկ ըլին, ինքը ինչո՞վ պիտի ապրի. ո՞վ նրանից տասը շահանոց բանը մի մանեթով կաոնե։ Հիմի որ առնում է, էնդումեն է, որ չէ՛ հասկանում, ինչ որ ասում ենք, հավատուն է։