Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցնորքներում, կցկտուր խոսքերով, դարձյալ արտասանվում էին այն բառերը, որոնց նշանակությունը միշտ կապակից էին եղած նրա հոգվո և մտածության հետ…

Հայտնվեցավ բժիշկը։

Մեր ընթերցողին պետք է հիշել, որ այդ պարոնը Բաքոսյանի բարեկամ դոկտոր Բարակյանցն էր, մի աղքատ բժիշկ, որ սիրում էր օրիորդ Նատոյին։

— Պարոն դոկտոր, ի՞նչպես եք գտնում այսօր հիվանդին,— հարցրեց նրանից օրիորդը, երբ նա կամենում էր դուրս գնալ։

— Ոչինչ, մի փոքր բորբոքումն ունի ուղեղի մեջ, դուք գործ դրեցեք այն հնարները, որ ձեզ պատվիրեցի, հույս ունիմ շուտով կանցնի,— պատասխանեց բժիշկը։

— Եվ դուք կարծում եք, որ հիվանդությունը վտանգավոր չէ՞։

— Հավատացնում եմ ձեզ, ոչինչ չկա, շուտով կառողջանա: Բժիշկը հեռացավ։

— Ա՜խ, Աստված...— հառաչեց օրիորդը և յուր գլուխը թաքցրեց հիվանդի բոցավառված գրկի մեջ, կարծես, յուր շնչով կամենում էր նրան կյանք տալ։

ԺԹ

Երիտասարդի առողջությունը փոքր-ինչ լավացել էր, հանկարծ ստացավ նա մի նամակ: Այդ նամակը գցեց նրան անհանգստության մեջ։

— Գիտե՞ս, Մանիշակ, ո՛րքան շտապում եմ ես շուտ առողջանալ,— ասաց նա մի անգամ օրիորդին, որ նստած էր նրա մոտ։

— Ես էլ շատ եմ շտապում...— պատասխանեց աղջիկը հրեշտակային պարզամտությամբ։

— Միայն այդ ցանկությունները մեր երկուսիս մեջ բոլորովին զանազան նպատակներ ունին։

— Թո՛ղ ունենան... միայն ես շատ ուրախ եմ, որ դու այսօր բավական լավ ես։

— Անմե՛ղ գառնուկ,— կոչեց հիվանդը համազգացությամբ նայելով օրիորդի երեսին։

Հայտնվեցան հիվանդի ընկերները։ Օրիորդը հեռացավ։

Բաքոսյանի առողջությունը բավական ուրախություն պատճառեց նրան։