Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեր կյանքը,— ասաց երիտասարդը,— մի չնչին բան է․ նա այսօր կա, վաղը ոչնչացավ։ Բայց մենք, պարոններ, աշխատենք կյանք տալ այն գործին, որին ամենքս նվիրված ենք։

— Մեր նպատակը և ցանկությունը իսկ այդ է,— պատասխանեցին նրանք։

— Լոկ նպատակը կամ ցանկությունը, բարեկամներ, ոչինչ նշանակություն չունի, երբ նա չէ իրագործվում, երբ նա մարմին չէ դառնում։ Լոկ ցանկությունը ցնո՛րք է։

— Ի՞նչ պետք է արած, երբ մեր հասարակական կյանքի մեջ հիմք չկա,— հարցրեց մինը։

— Այնտեղ որ հասարակական կյանքը այնպիսի փտած դրության մեջ է գտնվում` գործող մարդուն պետք է հիմնվել յուր սեփական ուժերի վրա, ոչ ոքից նպատակ և օժանդակություն չսպասելով։ Պառավներին մենք չենք կարող ուղղել, նրանց կուղղե միայն գերեզմանը։ Մեր կրթյալ երիտասարդությունը համարյա՛ փչացած է, նրանք մեզ համար կորած են։ Իսկ միակ ուժը որ մնացել է կենդանի, թարմ և անկեղծ՝ գտնվում է ամբոխի մեջ,— մեր հույսը պետք է նրա վրա դնենք և աշխատենք մշակել նրան։

Չնայելով Բաքոսյանի մարմնական տկարությանը՝ նա այնօր խոսում էր առանց լռելու։ Կարծես վերջին ժամն էր, որ այլևս չպիտի խոսեր յուր ընկերների հետ։

ԺԻ

Անցան մի քանի օրեր։

Մութ խավարային գիշեր էր։

Քաղաքի մի անկյունում, մարդկանց բնակարանից հեռու զգացմունքների տխուր և ուրախ վրդովմունքներով, կանգնած էին երկու հոգի։

— Ես բաժանվում եմ քեզանից, Մանիշակ, մի հեռու և վտանգավոր ճանապարհ բացված է իմ առջև,— ասաց Բաքոսյանը օրիորդի ձեռքը բռնելով։— Գուցե այլևս չհաջողվի մեզ տեսնել միմյանց, բայց, հավատա՛, Մանիշակ, որքան կյանք կա և կլինի իմ մեջ՝ երբեք չեմ մոռանա քեզ։

Օրիորդը մինչև այն ժամանակ չէր համարձակվել բաց անել երիտասարդին յուր սիրտը, բայց բաժանման վերջին րոպեն խլեց նրա կուսական շրթունքից համեստության կնիքը և նա ասաց.