Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց դու չե՜ս խղճում, Միքայել, որ թողնում ես ինձ միայնակ…

— Ես ցավում եմ, որ բաժանվում եմ քեզանից, միայն չեմ կարող չգնալ…

— Ասա՛, գոնյա, որ սիրում ես ինձ։

Վերքին խոսքերը մինչ այն աստիճան վառեցին օրիորդի ամոթխածությունը, որ նա գիշերային մթության մեջ կարծես չէր կամենում, որ երիտասարդը նշմարե նրա նույն րոպեին շառագունած դեմքը, և յուր գլուխը թաքցրեց նրա սաստիկ զարկվող կրծքի վրա։

— Լսի՛ր, Մանիշակ, ինձ դժվար է ասել այդ խոսքը, որովհետև ես ունիմ մի այլ սիրուհի, որի սերը այժմ կոչում է ինձ դիմել դեպի նա...— ասաց Բաքոսյանը րոպեական շփոթությունից հետո:

Օրիորդը սարսափեցավ։

— Ուրեմն, ես կորած եմ...— հառաչեց նա և թուլացավ երիտասարդի գրկի մեջ։

Այդ տխուր-հոգեկան վրդովմունքը տիրեց մի քանի րոպե։

— Հայրենիքիս մեջ պատերազմ կա, Մանիշակ,— ձայն տվավ երիտասարդը խորին ոգևորությամբ։— Իմ ազգը — իմ սիրուհին կոչում է ինձ... պետք է գնամ...

Օրիորդը սթափվեցավ։

— Գնա՛, Միքայել, հայոց աստվածը թո՛ղ քեզ օգնական լինի,— ասաց նա քաջազնական արիությամբ:— Գնա՛, պատերազմի՛ր, ես կաղոթեմ քեզ համար։

Քաղելով օրիորդի շրթունքից վերջին հրաժարական համբույրը՝ Բաքոսյանը նստեց կառքը, որ նրան սպասում էր փոքր-ինչ հեռու և անհետացավ գիշերային խավարի մեջ։

18... թիվն էր։

Զեյթունի լեռները խնկվում էին վառոդի ծխով: Տաճիկները պաշարել էին նրան։ Մի երիտասարդ առաջնորդում էր քաջերի խումբին։ Կռվի բորբոքված խռովության մեջ նա բարձրացավ ամբարտակի վրա։ Մի առնաուտ զինվոր, դարան մտած ժայռի հետքում՝ պարզեց յուր հրացանը։ Գնդակը սուլեց, երիտասարդը, կրծքից վիրավորվելով, գլորվեցավ գետին։

Հորիզոնի խավար մթնոլորտից ցոլաց մի աստղ...

Դա Միքայել Բաքոսյանն էր։