Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻՆ

Ա

Մի պատանի, հեռու ամբոխից, միայնակ կանգնած էր Բաղչե-Ղափուսի կոչված նավահանգստի մոտ և ապշած կերպով Նայում էր յուր շուրջը։ Պատանին դեռ նոր էր դուրս եկել մակույկից, որ հանելով նրան ցամաքի վրա, կրկին շտապով վերադարձավ դեպի Բոսֆորի մեջ խարսխված շոգենավը, դարձյալ նոր մարդիկ և նոր մթերք կրելու դեպի ցամաք։

Նա կանգնած էր լուռ մտատանջության մեջ և անհամբեր կերպով նայում էր այս կողմ և այն կողմ։ Երևի նրան չէր գրավում Բոսֆորի մուգ-կապտագույն հայելին, որի մեջ այդ ժամուն պատկերացած էին նրա գեղագրական եզերքը, լուսավորված թեքված արևի վերջին ճառագայթներով։ Նրան չէին գրավում և լայնատարած Ստամբոլի բարձր մինարեթներն իրանց փայլուն կիսալուսիններով։ Նրան զբաղեցնում էր մի միտք միայն՝ «հիմա ո՞ւր գնամ…»։

Դուրս գալով հայրենական տնակից, նա գիտեր, թե ուր է գնում, իսկ այժմ հասնելով բաղձացած քաղաքի դռներին, չէր իմանում, թե ո՛ւր գնա։

Պատանին հազիվ կլիներ տասնյոթն կամ տասնութն տարեկան։ Արևից այրված դեմքը՝ յուր խոշոր, կանոնավոր գծերով, կրակոտ աչքերը, գլխի երկար մազերը, որ նախշուն արախչինի տակից սև հոսանքով թափվել էին ուսերի վրա,—այդ բոլորը ներկայացնում էր վայրենի գեղեցկության այն կախարդիչ տիպարը, որ