Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մշեցին ի՛նչ նպատակով է թողնում հայրենի երկիրը, գիտեր, թե ի՞նչու է դուրս գալիս դեպի պանդխտություն և Ստամբոլի խառնաշփոթ աղմուկի մեջ ի՛նչ է որոնում... Այդ բոլորը գիտեր նա, որովհետև ինքը ևս մշեցի էր, ինքը ևս նույն ճակատագրական դա՛ռն պահանջների պատճառով թողել էր հայրենիքը...

— Քեզ էլ մատա՜ղ, քո երկրի՜ն էլ,— ասաց ծերունին, աչքերը սրբելով։— Ե՛կ ինձ հետ, որդի, Ստամբոլն այնքան մեծ է, որ դու կարող ես կորչել այնտեղ։ Եկ ինձ հետ, քեզ կտանեմ մաքսատան համալների մոտ, կմնաս մեր մեջ, մինչև քեզ համար մի գործ կմտածենք...

Պատանին վեր առավ յուր պարկը, և ուրախանալով հետևեց նրան։

Նրանք դիմեցին նավահանգիստը, որտեղ հարյուրավոր համալներ գրաստների նման կրում էին շոգենավի բերած մթերքները դեպի մաքսատուն։ Ծերունին մոտեցավ մի վաճառականի, որ յուր իրեղենների մոտ կանգնած, մշակի էր սպասում։ Ինքը վարժ կերպով շալակեց մի ծանր արկղ և մի թեթև արկղիկ ևս պատանուն տալով, ասաց.

— Այդ էլ դու վե՛ր առ, թող մեջքդ սովորի...

Բ

Մոտավորապես մի տարի էր անցել այն օրից, որ Օհանը մտավ Կ. Պոլիս։

Այժմ բավական ծանոթացել էր նա այդ խառնաշփոթ քաղաքի ընդարձակ լաբյուրինթոսի հետ, գիտեր նրա նեղ փողոցները և առանց մոլորվելու կարող էր մի թաղից մյուսը գնալ։ Այդ մեծ հառաջադիմություն էր այն վիճակի մարդկանց համար, որին պատկանում էր Օհանը, և որոնք անպատճառ պետք է ծանոթ լինեին քաղաքի հետ։ Բեռնակիրը, համալը պետք է ծանոթ լինի մինչև անգամ տների հետ, որպեսզի, երբ նրան մի բան են հանձնում, նա կարողանա անսխալ հասցնել նշանակած տեղը։

Նա այժմ անգործ չէր, յուր համար պարապմունք էր գտել։

Բախտը հենց առաջին անգամից, երբ նա ոտք կոխեց Կ. Պոլսի շեմքի վրա, նպաստեց նրան, հանդիպեցնելով մի այնպիսի մարդու, որ առեց նրան յուր հոգաբարձության ներքո և նրա համար հառաջադիմության ճանապարհ հարթեց։ Այդ մարդը Ոսկանն էր,