երեկո դեռ բավական ժամանակ կար։ Բայց ինչու՞ իզուր վատնել այդ ժամանակը։ Կարելի էր վերադառնալ, գուցե աստված կհաջողեր, մի տեղից ևս նրա կթոցը կլցնեին և մի քանի փարա կստանար։ Այսպես էր մտածում Օհանը, բայց օրվա ճնշող թմրությունը, կարծես, նրա վրա ևս ազդել էր և տեղից շարժվել չէր կարողանում։ «Թո՛ղ տոթը անցնի, մի փոքր զովանա, հետո կգնամ»,— վճռեց նա։
Սկսեց անխորհուրդ կերպով նայել դեպի Բոսֆորի գեղեցիկ մակերևույթը և դեպի հեռավոր տեսարանները։ Գործունեությունը դեռ ոչ բոլորովին դադարած էր։ Անխոնջ մակույկները վազվզում էին դեպի զանազան կողմեր, տանելով մեկ թաղից դեպի մյուս թաղը անցուդարձ անողների բազմությունը։ Երբեմն սուլելով անցնում էր շոգենավը, թողնելով յուր հետևից օդի մեջ յուր ծխային սև, երկար ժապավենը։ Տեղ-տեղ, փոքրիկ լաստերի վրա, ձկնորսները սարքում էին իրանց ուռկանը։ Երբեմն զվարճասերների մի ուրախ խումբ, գույնզգույն դրոշակներով զարդարած «ղայըղի» վրա, լողում էին դեպի հեռավոր կղզին։ Մեկը երգում էր, մյուսն ածում էր «թամբուրայի» վրա, մի քանիսը պար էին գալիս։ Այդ բոլոր զվարճալի պատկերները, անրջային երազների նման գալիս և անցնում էին Օհանի աչքերի առջևից։
Համանման շարժառիթները զարթեցնում են համանման զգացմունքներ։ Տեսնելով ուրիշների ուրախությունը, Օհանի սրտում շարժվեցան թաքնված վշտերը։ Նա էլ ունեցել էր յուր ուրախ օրերը, բախտը նրան էլ մի ժամանակ ցույց էր տվել յուր խաբուսիկ ժպիտը։ Բոսֆորի գեղեցիկ տեսարանները նրա հիշողության մեջ պատկերացրին Եփրատի (Մուրատ գետը) գեղեցիկ ափերը և Մուշի դաշտը յուր լայնածավալ կանաչազարդությամբ։ Նա մտաբերեց այն երջանիկ օրերը, երբ ինքը դեռ մանուկ հերկավար էր, արածացնում էր յուր հոր գութանի գոմեշները այդ գետի ափերի մոտ։ Կեսօրվա հանգստի ժամանակ նա գոմեշները քշում էր գետի մեջ, լվանում էր սառը ջրով և պառկեցնում էր ալիքների մեջ։ Ջրասեր անասունները թավալվում էին իրանց զով անկողնում և հանդարտ կերպով որոճում էին։ Իսկ ինքը, նստած գետեզերքի թփերի ներքո, զլում էր յուր սրինգը։ Նա այդ ժամուն մի առանձին ոգևորությամբ էր ածում, որովհետև գիտեր, որ մի սիրելի ականջ լսում էր նրան։ Ահա շինական աղջիկների նախշուն խումբը մոտեցավ գետեզերքին։ Նրանք առավոտից սկսյալ ափերի մոտ սունկ և այլ բանջարներ էին քաղում։ Լսելով Օհանի սրնգի