Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձայնը, նրանք ևս եղանակեցին իրանց ուրախ պարերգը։ Մեկի ձայնն ավելի քաղցր և ավելի ախորժ է հնչում։ Օհանն ավելի ոգևորվում է։ Նա դուրս է գալիս թփերի միջից և մի աղջիկ յուր քաղած ծաղիկները բաժանում է նրա հետ։

Այդ անցած, մոռացված հիշողությունները դուրս կոչեցին Օհանի սրտից երկու «ախ», երկու բառերի հետ։

«Ա՜խ վաթան (հայրենիք), ա՜խ Գոհար»...— բացականչեց նա և արտասուքը խեղդեց նրա ձայնը։ Երկար մի քարացած դրության մեջ նստած էր նա, մինչև հոգնածությունն առեց յուր պահանջը, գլուխը ակամա կերպով թեքվեցավ կթոցի վրա, աչքերը փակվեցան և քունը տարավ։

Բավական ժամանակ քնած էր նա, մինչև արևն սկսեց խոնարհվել դեպի յուր երեկոյան մուտքը։ Նրա քունը խորին էր և անդորր։ Միայն երբեմն սեղմված շրթունքների միջից դուրս էին հնչում նույն երկու բառերը երկու «ախերի» հետ։

Եղանակն սկսեց փոխվել։ Երեկոյան՝ զով քամին հետզհետե սաստկանում էր և ծովի ալիքներն ավելի խոշոր կոհակներով զարկվում էին ափերին այնքան մոտ, որ փոքր էր մնում, որ խլեն, տանեն Օհանին դեպի խորին հատակը։ Արդեն աղբանոցի ընդարձակ տարածության վրա պտտվում էր քամին և ավազախառն փոշին՝ թանձր վերմակի նման սրսռում էր Օհանի մրա։ Մակույկներն սկսեցին շտապել դեպի ափերը։ Ամեն ինչ գուշակում էր սաստիկ մրրիկ։ Բոսֆորը, մի ահագին կաթսայի նման, եփ էր գալիս, տակնուվրա էր լինում։ Կատաղի ալիքները մռնչում էին և շրշակայքը դղրդեցնում խլացուցիչ ձայնով։ Բայց այդ ձայներն անզոր էին խանգարելու վաստակաբեկ մշակի խորին քունը...

Այդ միջոցին քաղաքի «պալիեկարիաներից» մեկը երգելով անցնում էր ծովեզերքից։ Դա մի հույն սրիկա էր, այն դատարկաշրջիկներից մեկը, որոնք ցերեկով թաքնվում են այսպիսի խուլ տեղերում, իսկ գիշերը, դանակը ձեռքում, հարձակվում են մենավոր անցորդի վրա։ Սրիկայի սրատես աչքերից չվրիպեցավ քնած Օհանը։ Նա իսկույն կշռեց յուր որսը և ուշիկ քայլերով մոտեցավ նրան։ Մի քանի րոպե կանգնած, ուշադրությամբ նայում էր քնողի վրա։ Հետո աչք ածեց յուր շուրջը և նստեց Օհանի մոտ։ Զգուշությամբ ձեռքը տարավ նրա գրպանները, դուրս բերեց մի կոթը կոտրած դանակ և մի կտոր չոր հաց։ Վերջինը Օհանի ընթրիքն էր: Երկուսն էլ սրիկայի համար անպետք բաներ էին, նետեց դեպի մի կողմ։ Հետո սկսեց որոնել նրա ծոցերը։ Հոգնած Օհանի քունը