այն աստիճան ծանր էր, որ ամենևին չէր զգում, թե ինչ է կատարվում յուր հետ։ Ծոցերից ոչինչ չդուրս եկավ, բացի մի քանի փալասի կտորտանքից, որ Օհանն այնօր հավաքել էր փողոցներից, հարկավորած ժամանակ յուր մաշված հագուստի կարկատելու համար։ Սրիկան այդ ցնցոտիները զզվանքով ձգեց դեպի ծովը։ Նրա աչքն ընկավ մի թելի վրա, որ շապկի տակից անց էր կացրած մերկ պարանոցով և երևում էր կիսաբաց օձիքից։ Թելի ծայրերը կորչում էին գոտիից ներքև։ «Գտա՛»,— ասաց յուր մտքում սրիկան և աչքերը վառվեցանն վայրենի ուրախությամբ։ Նա անզգալի կերպսվ բաց արեց մաշկեղեն գոտին և սկսեց կամաց-կամաց դուրս քարշել թելը։ Նրա ծայրին կապած էր մի կտավյա քսակ. այդ էր սրիկայի փնտրածը։ Նա յուր դանակով կտրեց քսակը, վեր կացավ և անխռով կերպով սկսեց հեռանալ։
Արևն արդեն մայր էր մտել, և ամայի ծովեզերքը հետզհետե ընկղմվում էր երեկոյան մթության մեջ։ Քամին դեռ չէր հանդարտվել, աղբանոցի մթերքները վեր էր բարձրացնում և թանձր սյունակներով գալարում էր օդի մեջ։ Բոսֆորը ծփում էր խուլ, որոտալից մռնչյունով։ Օհանը տակավին քնած էր։ Հոգնած անդամներից քունը շուտ չէ հեռանում։
Այդ միջոցին մի համեցած չոփչի կթոցն ուսին մոտենում էր աղբանոցին։ Նա դիմեց ուղիղ այն կողմը, որտեղ պառկած էր Օհանը։ Մթության մեջ չնկատելով յուր արհեստակցին, վերևից կթոցը շուռ տվեց նրա վրա։ Որպես մի կայծակնահար, շփոթված կերպով վեր թռավ Օհանը։ Նա դեռ չէր թոթափել յուր մարմնից ապականությունը, նա դեռ չգիտեր յուր հետ պատահածը, այդ խռովության մեջ մտաբերեց երկու բան միայն՝ տիկնոջ խոստացած երկու ղուրուշը և յուր քսակը։ Նա ձեռքը տարավ ծոցը, տեսավ, որ վերջինը յուր տեղումը չէր։— «Վա՜յ, քսակս»...— գոչեց նա և երկաթյա մատներով պինդ բռնեց մյուս չոփչիի օձիքից։
— Քսա՛կս, ավազակ, եթե ոչ, ծովը կնետեմ քեզ,— կատաղությամբ սպառնաց նրան։
Երկյուղը և հանկարծակի հարձակմունքը բոլորովին սարսափեցրին խեղճ մշակին, որ յուր անզգուշությամբ մի այդպիսի փորձանքի մեջ ընկավ։ Նրա լեզուն կապվեցավ, ոչինչ պատասխան չկարողացավ։ Մյուս կողմից, նրան տիրեց սնահավատությունը, մտածելով թե յուր օձիքից բռնող սատանան պետք է անպատճառ չար ոգիներից մեկը լինի, որ այդպիսի ամայի տեղերում են բնակվում։ «Հիսուս... Քրիստոս... սուրբ խաչ... սուրբ Ավետարան...»