էր։ Խավարի մեջ անհամբերությամբ սպասում էր Օհանը։ Մի քանի րոպեից հետո վերադարձավ տիկինը, ձեռքում բերելով մի կապոց, որ շատ նման էր նորածին մանուկի խանձարուրին։ Օհանն այժմ միայն մտածեց հարցնել, թե այդ ինչ է։
— Ի՞նչ ասեմ, որդի...— պատասխանեց տիկինը ողորմելի ձայնով.— այդ պատիժն է... դրան Աստված ինձ մի պատիժ է տվել... Առաջ հոգուս պես կսիրեի... վերջը չարաճճին այնպիսի մի գող դուրս եկավ, որ Աստված ազատե... Որտեղ ինչ բան թաքցնում եմ, այլևս տերը չեմ, բոլորը գողանում է և ուտում, թե միս լինի, թե պանիր և թե յուղ...։ Մի քանի անգամ տվեցի չոփչիներին, տարան հեռու տեղեր ձգեցին... մյուս օրը տեսանք չար սատանայի նման դարձյալ հայտնվեցավ... Ճարս կտրվեցավ, մտածեցի՝ ծովը նետել տամ, գուցե ազատվեմ դրանից...
Տիկնոջ նկարագրությունից Օհանը հասկացավ, որ նրա գանգատը տան կատվի մասին էր։ Մի առանձին հերոսական զգացմունքով վճռեց նա՝ խեղճ կնոջն ազատել այդ գազանի հափշտակություններից, մինչև անգամ եթե նա յուր խոստացած երկու ղուրուշը վճարելու ևս չլիներ։
— Ինչո՞ւ առավոտը չտվեցիք, որ տանեի, ինչո՞ւ գիշերվա մութին թողեցիք,— հարցրեց Օհանը։
— Դու չես իմանում, որդի, թե դա ինչ սատանա է...— պատասխանեց տիկինը վշտացած ձայնով։— Հարյուր անգամ փորձել եմ և տանել եմ տվել, բայց տանելու ժամանակ ճանապարհները սովորել է և ետ է եկել... հիմա տեսնում ես, չնայելով որ գիշեր է, բայց աչքերը կապել եմ, որ ոչինչ չտեսնե... Կատվի աչքերը խավարի մեջ էլ են տեսնում...
Նա հանձնեց Օհանին խորհրդավոր ավանդը, ավելացնելով.
— Ես քեզ խոստացել էի երկու ղուրուշ, ա՛ռ քեզ հինգ ղուրուշ, միայն ի սեր աստուծո, ուղիղ ծովը կնետես և ոչ մի այլ տեղ...
Օհանը չգիտեր ինչպես հայտներ յուր շնորհակալությունը։ Նա մի առանձին պարծենկոտությամբ պատասխանեց.
— Ես դրան մի այնպիսի տեղ կկորցնեմ, որ մյուս անգամ երեսը չես տեսնի, տիկին։
— Ուղիղ ծովը և ո՛չ մի այլ տեղ...— կրկնեց տիկինը։
— Ինչպես հրամայեցիք, այնպես կկատարեմ,— խոստացավ Օհանը։
— Աստված զորացնե քեզ,— օրհնեց տիկինը։