Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բ

Կեսօր էր:

Թուխպերը սկսել էին երկնքից փոքր առ փոքր նոսրանալ. արևի ճառագայթները բավականին զորություն էին ստացել։ Դառնաշունչ ցուրտը մեղմացել էր։ Կտուրներից կաթկթում էր նորեկ ձյունի հալուցը և փողոցներում գոյացնում էր սաստիկ ցեխ:

Քաղաքի խուլ և հետ ընկած մի անկյունում կանգնած էր փոքրիկ խրճիթը։ Փշոտ մացառներով հյուսած ցանկապատը հազիվ սժանում էր նրան մի տափարակից, ուր հրեաներին թույլ էր տված թաղել իրանց մեռելները։ Խրճիթի մի կողմը բոլորովին ավերակ էր։ Նույն ձմռան մեջ պատահել էր այդ դժբախտությունը. հոտած գերանները չդիմացան սաստիկ ձյունի ծանրությանը, առաստաղն իջավ ցած։ Իսկ խրճիթի մնացած մասի փլփլած պատերը դեռ կարողացել էին պահել իրանց վրա մի գետնափոր սենյակի ծածկը։ Ժամանակի հնությունից մաշված մամռապատ աղյուսներն ստացել էին մուգ-կանաչ գույն, որ տալիս էր այդ աղքատիկ բնակարանին մի տխուր, մեռելային բնավորություն, որով նա զանազանվում յուր մոտ դրած անշուք գերեզմաններից։

Դուռը ճռռաց։ Խրճիթից դուրս եկավ մի մանկահասակ աղջիկ։ Նրա հագուստը յուր չքավորությամբ բոլորովին համապատասխան էր այն տխուր շրջանին, ուր ապրում էր նա։ Մի բանով միայն նա զանազանվում էր. այդ նրա սիրուն և ախորժելի դեմքն էր։ Օրիորդը կլիներ տասնհինգ տարեկան, բայց որպես բարեխառն կլիմայի ծնունդ նրա կուրծքը բոլորովին զարգացած էր։ Թուխ հյուսն իջել էին շիտակ թիկունքի վրա և հասակը ձգվել էր ուղիղ` ինչպես չինարի։ Նա նմանում էր անմահ ոգիներից մինին, որ եկել մխիթարել այդ ավերակների անբախտ բնակիչներին...

Նա, մի փոքրիկ փայտյա տաշտ ձեռին բռնած, առաջ գնաց, տեսավ խրճիթին կից փլատակներին և սկսեց այնտեղից ցամաք լցնել յուր տաշտի մեջ։ Հետո նա բարձրացավ կտուրը, որ հազիվ որոշվում էր բակի տափարակից և սկսավ այն հողով բռնել