Օհանը դիմեց ուղղակի տիկնոջ տունը, որտեղ հանձնեցին նրան եղեռնական ավանդը։ Նա չգիտեր, որ հանցավորների համար ուրիշ տեղեր կան, նա գիտեր միայն մի բան, այն է, որ չարագործների հետ պետք է վարվել յուր առողջ բռունցքներով։ Ճանապարհին արդեն կազմել էր յուր գլխում մի ամբողջ ծրագիր, թե ո՛րպես պետք է բռնե այն «անզգամ ջադուկի» մազերից, ո՛րpես պետք է ջարդուփշուր անե նրա ոսկորները։ Նա հասավ ցանկացած տանն այն ժամանակ, երբ գիշերից բավական անցել էր։ Սկսեց դուռը սաստիկ բախել։ Երկար զարկում էր, բայց ներսից ամենևին ձայն չէր լսվում։ «Կկոտրե՜մ, եթե չբացեք»,— աղաղակում էր նա և նրա ձայնը տարածվում էր փողոցի դատարկության մեջ։ Դարձյալ բաց անող չկար։
Վերջապես, տան վերի հարկից բացվեցավ մի լուսամուտ, hայտնվեցավ մի գլուխ, որ հարցրեց.
— Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում։
— Այն տիկնոջը,— պատասխանեց զայրացած Օհանը։
— Ո՞ր տիկնոջը։
— Այն սև հագնված տիկնոջը, որ պարանոցին սև խաչ ուներ կապած։
Վերևի գլուխը հասկացավ, թե ո՛ւմ մասին էին հարցնում, պատասխանեց.
— Նրանք գնացին, այստեղ չեն։
— Ո՞ւր գնացին։
— Աստված ոչ գիտե, թե ուր գնացին:
— Դու ինձ խաբում ես։
— Ի՞նչ շահ ունեմ քեզ խաբելուց,— պատասխանեց վերևի ձայնը ծիծաղելով, որ մի մանկահասակ կնոջ ձայնի էր նմանում։— Նրանք թեև մի տարով էին վարձել ամբողջ ներքին հարկը, և փողի կեսը սկզբից վճարել էին, բայց երկու ամսից ավելի չմնացին, այսօր երեկոյան իրանց վերջին իրեղենները դուրս տարան և գնացին։
— Դո՜ւռը, դուռը բա՛ց արա, որ իմ աչքով տեսնեմ,— պահանջում էր կատաղած Օհանը։
— Ես այստեղ միայնակ եմ, մարդս տանը չէ, առավոտյան ե՛կ, կտեսնես,— ասաց մանկահասակ կինը և գլուխը ներս քաշեց, հեռացավ լուսամուտից։