Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ մի ամենադժվար հարց էր, մանավանդ մի պանդուխտ պատանու համար, որ յուր գլուխը դնելու տեղ չուներ, որ ինքը կարոտ էր օրական հացի։

Օհանը, որպես բնության պարզ զավակ, զարմանալի բնազդում ուներ: Յուր գրկած խանձարուրի մեջ գտնում էր նա մի խորին գաղտնիք։ Այդ խանձարուրը նրան հանձնող տիկինն աննշան ոք չէր երևում։ Եվ մի այդպիսի անձն խառնված էր եղեռնական գործի մեջ։ Նրան, որպես մի միամիտ չոփչիի, տվեցին տանել ծովը նետել մարդկանց անբարոյականության կեղտը։ Բայց ի՛նչ հանցանք ուներ այդ անմեղ մանուկը։

Լուսամուտից խոսող կնոջ հաղորդած տեղեկությունները Օհանին բոլորովին հավանական երևացին։ «Այսօր երեկոյան իրանց վերջին իրեղենները դուրս տարան և գնացին»,— ասաց նա։ Կնշանակե, հենց առաջուց նրանք տունը դատարկել էին, պատրաստված էին տեղափոխվելու, մնում էր միայն խորհրդավոր ավանդը, որի համար սարքված էին այդ բոլոր պատրաստությունները։ Տան ամբողջ ներքին հարկը մի տարի ժամանակով վարձելը, փողի կեսը կանխիկ վճարելը, բայց երկու ամսից ավելի չմնալը և վերջապես դռնապանի նոր վարձված լինելը և նրանց հետ անհայտանալը,— այդ բոլորը գործին ավելի և ավելի կասկածավոր կերպարանք էին տալիս։ Բայց ո՞վ կարող էր գտնել նրանց բազմամբոխ, խառնաշփոթ Ստամբոլում։

Օհանն այժմ դրա վրա չէր մտածում, նա մտածում էր միայն մանուկի մասին։ Նա դեռ շվարված կերպով կանգնած էր աղետալի տան հանդեպ, չգիտեր ո՛ւր գնալ։ Քամին դեռ փչում էր և գիշերային զովությունը բավական զգալի էր դարձել։ Նա փաթաթեց տղայի խանձարուրը յուր «անթարիի» երկար դրոշակների մեջ, որ չմրսե, թեև նրա հագուստը նույնքան թաց էր, որքան տղայի խանձարուրը։

Այդ տունը գտնվում էր մի անձուկ «սոխախում», որ ծռվելով բաժանվում էր մեծ փողոցից և իջնելով դեպի ձորի զառիվայրը, կորչում էր անհամար մանր տների մեջ։

Այսպիսի տեղերում ցերեկով անգամ չէ թափանցում արևի լույսը, իսկ գիշերը նեղ «սոխախները» ներկայացնում են ողորմելի տնակների մի անապատ, ուր տիրում է մշտական խավարը՝ խորին, գերեզմանական մեռելության հետ։

Օհանը դեռ սպասում էր և անհամբերությամբ աչք էր ածում յուր չորեքկողմը։ Ոչ ոք չէր երևում, ոչ մի ձայն չէր լսվում, բացի