Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քամու ձայնից, որի մեջ երբեմն խլանում էր մի այլ ձայն։— Դա էր լացի ձայնը անտեր մանուկի, որ նշտարի նման ծակում էր պատանու սիրտը։ Ոչինչ ձայն այնքան դառն չի լինում, որպես անմայր մանուկի լալու ձայնը։ Այդ զգում էր Օհանը։

Այժմ ավելի սկսեց տանջել նրան այն միտքը, թե ո՛ւր տանե տղային: Նա ոչ մի բնակարան չուներ, ապրում էր երկնքի թռչունների նման։ Դեռ ամառ լինելով, եղանակն այնքան տաք էր, որ մինչև այնօր չէր մտածել յուր համար մի որևէ պատսպարան գտնելու։ Ցերեկը, կթոցը շալակին, անցուցանում էր փողոցներում, իսկ գիշերը պառկում էր, ուր և պատահում էր։ Այդ մեծ քաղաքը շատ բացօթյա խորշեր ուներ անպատսպարան մշակների համար։ Շատ անգամ պառկում էր յուր «մուշտարիների» բակերում և իբրև վարձ նրանց բակը ավելում էր և աղբը ձրիապես դեն էր ածում։

«Ո՞ւր գնամ, որտե՞ղ տանեմ»... շարունակում էր մտածել։

Նրան հեշտ էր մի պատի տակ, յուր ցավալի գյուտը կրծքին սեղմած, անցկացնել ամբողջ գիշերը։ Նա ամեն զոհողության պատրաստ էր։ Բայց մանուկը պահանջում էր մի բան, որ անկարող էր տալ նրան։ Դա էր մայրական ստինքը։

Նեղ դրությունը մարդուն սրամիտ է անում։ Հանկարծ նրա գլխում ծագեց մի միտք և, առանց երկար խորհելու, դուրս եկավ անձուկ «սոխախից» և սկսեց դիմել դեպի քաղաքի մի ավելի հետ ընկած կողմը։

Նա անցավ ցանցատեսակ «սոխախների» մի ընդարձակ բավիղ, որի մեջ սատանան անգամ կարող էր լույս-ցերեկով մոլորվել, եթե առաջնորդ չունենար։ Տախտակյա փոքրիկ տնակները, մեղրաճանճի փեթակների նման, դրած էին միմյանց վրա և բարձրանում էին, որպես անհավասար և անկարգ սանդուղքներ։ Եթե հրդեհն այնքան բարի չլիներ և ժամանակ առ ժամանակ չլափեր այդ ամեն ապականություններով լի «սոխախները», տարակույս չկար, որ աշխարհիս բոլոր հիվանդություններն այդ բավիղից պիտի ծագեին։

Առավոտյան լույսը դեռ նոր էր սկսել բացվել, երբ Օհանը գտնվում էր քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում։ Այստեղ սփռված էին բազմաթիվ ողորմելի խրճիթներ, իսկ նրանց կարգում՝ հոյակապ քարաշեն տներ, որ հպարտ կերպով նայում էին դեպի սքանչելի Բոսֆորը։ Այդ կիսա-ասիական և նվազ-եվրոպական քաղաքում՝ տգեղը խառն է գեղեցկի հետ, իսկ լավը՝ վատի հետ...