Օհանը մոտեցավ խրճիթներից մեկին, ոտքով խփեց, դուռը ճռնչալով ետ գնաց։ Նա միանգամից հայտնվեցավ ամբողջ տան մեջ, որ միայն մեկ սենյակից էր բաղկացած։
Դռան շառաչման հետ մթության միջից լսելի եղավ մի մաշված ձայն։
— Այդ ո՞վ է, տեր աստվա՜ծ...
— Վե՛ր կաց, մա՛րե, քեզ համար մի տղա եմ բերել,— գոչեց Օհանը բարձր ձայնով։
Քնաթաթախ «մարեն», չհասկանալով, թե ինչ ասաց Օհանը, դարձյալ հարցրեց.
— Դո՞ւ ես, Օհան, ի՞նչ կա այս ժամանակը...
— Քեզ համար մի տղա եմ բերել,— կրկնեց Օհանը:
— Տղա՛․․․ խենթացե՞լ ես, ի՞նչ է,— ասաց զարմացած պառավը։
— Մշու սուլթան սուրբ Կարապետը վկա, սուտ չեմ ասում,— երդվեցավ Օհանը և մոտենալով պատին, նրա միջից դուրս քաշեց մի քրքրված շորի փաթոթ, որ մի ժամանակ վերմակի տեղ էր ծառայում։ Փաթոթի տեղից բացվեցավ մի լայն ծակ, որ խրճթի միակ լուսամուտն էր։
Տիրող մութը փոքր-ինչ պարզվեցավ։ Դրսում արեգակն արդեն ծագել էր։
Պառավը, մրթմրթալով և յուր առավոտյան աղոթքը կարդալով, անկողնումը նստած, հագնվում էր։ Երբ վերջացրեց, Օհանը դրեց նրա բարձերի մոտ յուր բերած խանձարուրը։
— Ճշմարիտ որ տղա է եղել,— ասաց պառավը բարեսիրտ ժպիտով։— Սատանորդի՛, այդ որտեղի՞ց գտար։
Օհանը նստեց պառավի անկողնի մոտ և սկսեց պատմել յուր հետ պատահած արկածները։ Նրա սրտագին պատմության ժամանակ զարմացած պառավը երբեմն բարկանում էր, երբեմն անիծում էր, երբեմն խորին հառաչանքներ էր արձակում և երբեմն յուր շիջած աչքերը բարձրացնում էր դեպի վեր, գոհություն էր մատուցանում, որ խեղճ տղան ազատվել է։
Վերջացնելով յուր պատմությունը, Օհանն ասաց.
— Դու պետք է պահես այս տղային, մարե։ Դա իմ ապաշխարանքն է։ Ո՞վ գիտե, ի՛նչ մեղք էի գործել, և աստված ինձ ապաշխարանք տվեց։ Ես կգնամ, կաշխատեմ, կվաստակեմ և կբերեմ կտամ քեզ, մարե։ Ես քաղցած կմնամ և դրան կկերակրեմ, կմեծացնեմ, մարե։ Մենք երկու եղբայրներ ենք, դա էլ թող մեր