Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Զ

Մի գիշեր, նույն բնակարանում, որտեղ հանձնեցին Օհանին խորհրդավոր ավանդը, սենյակներից մեկն աղոտ կերպով լուսավորված էր, լուսամուտները ծածկված էին անթափանցիկ վարագույրներով, և տաճկական ճաշակով զարդարած թախտի վրա պառկած էր մի մանկահասակ կին։ Կանաչագույն լուսարգելով սքողած ղամբարի թույլ շառավիղները հազիվ երևան էին հանում նրա գունաթափ երեսի տխուր գծերը, որ պատկերացնում էին մի սգավոր հրեշտակի գեղեցիկ դեմք։ Նրա թաց աչքերում արտասուքը դեռ չէր ցամաքել։ Նա անդադար միևնույն հարցերով դառնում էր դեպի սև խաչը կրող տիկինը, որ նստած էր նրա թախտի մոտ, և, ինչպես երևում էր, նրա վշտալի սիրտը չէր հանգստանում ստացած պատասխաններով, որ ամենայն պատրաստականությամբ տալիս էր խաչակիր տիկինը նրան մխիթարելու համար։

— Ելենա՛,— այսպես էր խաչակիր տիկնոջ անունը,— լավ փաթաթեցի՞ր. հիմա գիշերը ցուրտ է լինում, կարող էր մրսել...

— Այդ ի՞նչ հարցնելու բան է, հարգելի տիկին.— Ելենան երեխա չէ, նա գիտե թե ինչպես պետք է խնամել մանուկներին... Ես ձեր տված պարսկական շալը բավական չտեսա և նրա վրա ավելացրի մի փափուկ բրդեղեն վերմակ։

— Թեթև՞ էր վերմակը։

— Թեթև էր, շատ թեթև, ինչպես փետուր։

— Կառապանին պատվիրեցի՞ր, որ հանդարտ քշեր և երեխայի քունը չի խանգարեր։ Նա սիրում էր քնել, շա՜տ էր քնում...

— Ես բավական տեղ գնացի կառքի հետ։ Կառքն այնպես էր շարժվում, որ գետինն էլ չէր զգում։ Օրորոցի պես հանգիստ էր։

— Ե՞րբ կհասնեն...

— Կես ժամից հետո կառքը կհասնի ծովեզրը։ Այնտեղ սպասում է մի ապահով նավակ։ Էգուց առավոտյան նույն նավակով կհասնեն Բուրգաս կղզին։

Մանկահասակ կինը լռեց։ Բայց արտասուքը նրա կամքին չէր հնազանդվում, նա բխում էր մայրական սրտից, մի տառապյալ մոր, որի նորածին մանուկը իրանից հեռացրած էր, և որին որդի կոչելու իրավունքից զուրկ էր դժբախտ մայրը...

Նա կրկին շարունակեց յուր հարցուփորձը.

— Ելենա՛, քեզ երդում եմ տալիս այն խաչին, որ դուք՝ քրիստոնյաներդ պաշտում եք, ճշմարիտն ասա՛, այն կինը լա՞վ կը պահե տղայիս։