Ելենան ձեռքը տարավ դեպի պարանոցի սև խաչը և ուղղեց նրան,— կարծես թե լուռ երդվում էր,— հետո մի աոանձին համոզիչ ձայնով պատասխանեց.
— Այդ մասին կարող եք բոլորովին անհոգ լինել. հարգելի տիկին։ Ես մի այնպիսի բարեխնամ ձեռքում հանձնեցի ձեր զավակին, որ հարազատ մոր ձեռքր միայն կարող է նրան փոխարինել։ Ես այն կնոջը ճանաչում եմ, շատ վաղուց ճանաչում եմ։ Նա չափազանց սեր ունի դեպի մանուկները, և մանավանդ կունենա դեպի ձեր զավակը։
— Ես նրան առատությամբ կվարձատրեմ, իմ խոստացածից ավելի կվարձատրեմ։
— Ես, առանց ձեզանից թույլտվություն ստանալու, այդ խոստմունքն արդեն արել եմ նրան,— ասաց Ելենան, դարձյալ ուղղելով պարանոցի սև խաչը։— Ես նրան խոստացա ամսական տասն ոսկի, և վեց ամսականը կանխիկ վճարեցի. բացի դրանից, նա կստանա մեզանից և այն ծախքերը, որ պիտի անե յուր զավակի պահպանության համար։
— Ինչպե՞ս։
— Չէ՞ որ նա էլ, կրծքի նորածին երեխա ունի։ Ձեր զավակն ընդունելով, իրանն ստիպվեցավ տալ ուրիշ կնոջ պահելու։ Բացի դրանից, նա առանձին ծախքեր կունենա քաղաքից հեռու ապրելով։ Դուք այդպես պահանջեցիք, որ քաղաքում չմնա։
— Ի սեր աստուծո, Ելենա, ծախքերի մասին մի՛ խոսեք,— ասաց մանկահասակ կինը, երեսը շուռ տալով.— այդ ոչ ես կխնայեմ և ոչ «բեյը»...
«Բեյ»-ի անունը տալով, հարցրեց.
— Բայց ինչո՞ւ ուշացավ նա...
Ելենան նայեց պատի ժամացույցին և ապա պատասխանեց.
— Չէ ուշացել. նա խոստացել է ուղիղ երկու ժամին այստեղ լինել, բայց դեռ երկուսը չկա։
Մանկահասակ կինը դարձյալ լռեց և յուր թախծալի աչքերն ուղղեց դեպի ժամացույցը, երկար նրանից չէր հեռացնում։ Ելենան նույնպես լուռ, նստած էր նրա թախտի մոտ, աթոռի վրա, անհամբերությամբ սպասում էր «բեյ»-ի գալուն։ Սենյակում ուրիշ ոչ ոք չը կար, բացի մոխրագույն մեծ թութակից, որ երբեմն յուր կնճռոտ թաթը տանում էր դեպի գլուխը, քորում էր, և մի առանձին հեգնությամբ նայում էր այդ երկու կնոջ վրա։
Սենյակը բավական լավ կահավորված էր. պատերի վրա երևում