Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի Ասլանը։ Այդ սերը լրացնում էր իմ թերահավատությունը։ Սիրում էի այդ եռանդոտ երիտասարդին։ Նրա մեջ կար մի բան, որ շատ սիրելի էր։ Բայց ի՞նչ էր այդ բանը, ես ոչինչ կերպով ըմբռնել չէի կարողանում...

Ամեն տեղ, ուր գնում էինք, ես հանդիպում էի նորանոր պատրանքների, նորանոր կեղծիքների։ Կարծես իմ աչքերը պատած լինեին թանձր մշուշով, հեռուն չտեսնելու համար։ Եվ ինչո՞ւ համար տեսնեի։ Գուցե նա այնքան սարսափելի էր, որ հենց այդ պատճառով Ասլանը չէր կամենում խլել իմ աչքերից կախարդական քողը և իմ առջև բաց անել ապագայի սոսկալի պատկերը։ Գուցե նա չէր կամենում միանգամից վախեցնել ինձ։ Գուցե նա այնքան հրապուրիչ և այնքան գեղեցիկ էր, որ և՛ չէր կամենում ինձ միանգամից հափշտակությունների մեջ ձգեր։ Եվ մի՛թե ես ունեի այնքան պատրաստականություն ամեն ինչ հասկանալու համար։ Ես ինքս զգում էի իմ դատարկությունը, իմ մտավոր աղքատությունը։ Եվ նա շատ անգամ նկատում էր ինձ, թե «քեզ պետք է դեռ շատ բան սովորել»...

Ինձանից շատ հեռու չէր խնձորենին, որի տերևների սոսափյունը ընդհատեց իմ մտածությունները։ Ես նայեցի դեպի այն կողմը։ Ծառերի վրա նկատեցի նույն աղջկան, որ ճաշի ժամանակ մեզ համար սեղան էր պատրաստում։ Դա Ծովիկն էր, նավավարի աղջիկը։ Ահա մի էակ ևս, որ ինձ նման արթուն էր, որի վրա օրվա ջերմությունը չէր ազդում։ Բայց ի՞նչ էր շինում այդ մանկահասակ արարածը այն ծառի վրա։ Կապիկը միայն կարող էր այնպես համարձակ մի ոստից մյուսը թռչել։ Պտուղներ չէր քաղում նա. խնձորները դեռ ոչ բոլորովին հասած էին։ Նա ընտրում էր նրանցից խոշորները, իրանց ձևով կանոնավորները, և ինչ-որ կպցնում էր նրանց վրա։ Ես իսկույն հասկացա այդ գործողության նպատակը։ Խնձորները այն տեսակից էին, որ հասունացած ժամանակ ստանում էին սաստիկ մուգ-կարմիր գույն, իսկ այժմ դեռ բաց-կապտագույն էին։ Նա կպցնում էր նրանց վրա զանազան ձևով մանր և գեղեցիկ տերևներ: Խնձորները հասունացած ժամանակ, շատ հասկանալի է, որ նրանց մակերևույթի բաց մնացած տեղերը արևից կստանան կարմիր գույն, իսկ տերևներով ծածկված տեղերը կմնան սպիտակ գույնով, և այսպիսով նրանց վրա կձևանան զանազան նկարներ։ Այդ տեսակ նախշուն, հոտավետ խնձորները կոչվում են «սիրականի խնձոր»։ Առհասարակ խնձորը հայոց մեջ սիրո նշան է։ Հարսանիքների ժամանակ, ումը