Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կամենում են հրավիրել, մի հատ կարմիր խնձոր են ուղարկում նրան։ Իսկ այդ տեսակ նախշուն խնձորները մեծ աղջիկները ծածուկ ուղարկում են սիրած պատանիներին։ Բայց ո՞ւմ համար էր պատրաստում այդ փոքրիկ աղջիկը իր խնձորները։ Նա անտարակույս, դեռ չգիտեր, թե ի՞նչ էր սերը։ Երևի նա տեսել է, թե ինչ են անում մեծ աղջիկները, ինքն էլ հետևում էր նրանց օրինակին, առանց հասկանալու իր պատրաստության նշանակությունը։ «Ահա մի անգիտակցություն ևս, մտածեցի ես, նա դեռ չսիրած, սիրո համար նվերներ է պատրաստում»․.. Մի՜թե ես էլ նույնը չէի անում... մի՞թե ես էլ սիրո համար զոհեր չէի պատրաստում, առանց իմ սիրո առարկայի հետ ծանոթ լինելու... Բայց Ծովիկը ինձանից խելացի էր. նա գոնե ընտրում էր խնձորներից այն միայն, որը ավելի գեղեցիկ էր, որը փտած կամ որդնակեր չէր։ Իսկ ես այդ ընտրությունը չունեի, ես չգիտեի, թե իմ զոհաբերությունները որ աստիճան նպատակահարմար են... Ես հետևում էի միայն ինձանից մեծերի օրինակին, որպես Ծովիկը հետևում էր իրանից մեծերի օրինակին...

Հանկարծ սրահի մեջ բացվող դռնից դուրս վազեց մի փոքրիկ երեխա։ Դա երևի մեր հյուրընկալի արու զավակն էր, որովհետև սաստիկ նման էր հորը։ Նա այնպիսի մի ուժգին թափով սենյակից դուրս նետվեցավ, որ գնդակի նման իմ մոտից անցնելով ինձ չտեսավ, նա նույն արագությամբ վազեց մինչև պարտեզի դուռը, մի քանի անգամ շարժեց, երբ տեսավ, որ փակ է, բարկացավ, և կրկին նետվեցավ դեպի սրահը։ Այժմ միայն տեսավ ինձ, և որպես վաղեմի ծանոթ, մոտեցավ, գրկեց իմ պարանոցը։

— Եթե գնայի պարտեզը, քեզ համար ծիրան կբերեի,— ասաց ինձ։

— Ինչո՞ւ չգնացիր,— հարցրի ես, փայփայելով նրա սիրուն գլուխը։

Նա իր խոշոր, խաժ աչքերը դարձրեց դեպի ինձ և գանգատվելու եղանակով պատասխանեց.

— Դուռը փակ էր։ Դու չես իմանում ինչ սատանա է այդ Ծովիկը. երբ որ նա պարտեզն է գնում, դուռը միշտ փակում է, ես չմտնեմ։ Ասում է. դու ծաղիկները փչացնում ես: Դու խո գիտես, որ ես չեմ փչացնում։

Փոքրիկի գանգատը իր քրոջ մասին էր։ Բայց ի՞նչ առիթով այդ չարաճճի գլխին փչեց՝ ինձ վկա բռնել, որ նա չէ փչացնում։

— Ի՞նչպես է քո անունը,— հարցրի ես: