Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թ

ԳԻՇԵՐԸ ԱՎԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ

Երեկոյան դարձյալ բոլորը հավաքվեցան սրահի մեջ։ Ասլանը նստած էր իր մինդարի վրա, վարպետ Փանոսը նրա մոտ, ես մի տեղում, իսկ տան տերը երբեմն նստում էր, երբեմն կանգնում էր, երբեմն գնում էր իր մարգիկներին զանազան պատվերներ տալու։

Փայտյա բարձր աշտարակի վրա դրած էր մի խեցեղեն ճրագ, որը աղավնու նմանություն ուներ. նրա միջում կտավատի ձեթ էր լցրած, իսկ կտուցից դուրս ընկած պատրույգը հանդարտ վառվելով, տարածում էր աղոտ, կանաչագույն լույս իր շրջակայքում: Ձեթից և մուխից բոլորովին սև գույն էր ստացել այդ աղավնին:

Խոսակցությունը գլխավորապես ծովակի մասին էր։ Խոսում էին նրա բնավորության վրա, արդյոք նա խաղա՞ղ է, թե անհանգիստ, տարվա ո՞ր ամիսներում սովորաբար պատահում են ալեկոծություններ. խոսում էին նավահանգիստների մասին, թե ո՞ր կողմերը կամ ո՞ր եզերքի մոտ են գտնվում, կամ ինչ տեղերի հետ հաղորդակցություն ունեն. խոսում էին նավակների թվի և նրանց փոխադրած ծանրությունների քանակության մասին, թե տարվա ընթացքում, ո՛րքան մթերքներ կարող են փոխադրել,— այդ բոլորի մասին, իհարկե, հաշիվ ու համար տալիս էր գլխավորապես Բերզեն-Օղլին։ Նա այնպես լավ ուսումնասիրել էր ծովակը և նրա շրջակայքը, որպես մի լավ վարժապետ ուսումնասիրում է իր դասագիրքը։ Նրան ծանոթ էին ծովակի բոլոր խորշերը, բոլոր եզերքը և այն բոլոր դիրքերը, որտեղից կարելի էր ցամաքի հետ հարաբերություն ունենալ։ Ասլանը իր լսածներից այն եզրակացությունն էր դուրս բերում, թե երկու առագաստավոր նավեր բավական կլինեն կատարելու այն գործը, ինչ որ կատարում են բազմաթիվ նավակներն ու սանդալները։

Նրանք խոսում էին, դատում էին, վիճում էին, իսկ ես համարյա չէի լսում։ Ես չէի կարողանում մոռանալ քոթոթի տված տեղեկությունները իր մոր մասին, և նրա վրա էի մտածում։ Ասլանը այնօր տան ներսի սենյակներից դուրս գալու ժամանակ ինձ ասաց, թե այնտեղ մի հիվանդ կա, դա անտարակույս, նավավարի կինը պետք է լիներ, բայց քոթոթի տված տեղեկությունները այդ հիվանդի գրության մասին՝ բավական կասկածավոր էին