Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո կանգ առեց, սկսեց նայել անկողինների վրա։ Նրա աչքերը վառվում էին, դեմքը նույնպես գունաթափ էր, որպես առաջ։

— Դուք պարոն բժշկապետ,— ասաց նա, մոտենալով և կանգնելով իմ բարձի մոտ,— չհասկացաք իմ հիվանդությունը, և հասկանալ չէիք կարող, որովհետև ես բոլորը չպատմեցի ձեղ...

Իմ երկյուղը փոքր-ինչ փարատվևցավ. դա նավավարի կինն էր և ինձ Ասլանի տեղն էր ընդունում։

— Ես բոլորովին հիվանդ չեմ, պարոն բժշկապետ,— շարունակեց նա ավելի տխուր ձայնով,— ես շատ առողջ եմ, պարոն բժշկապետ, լավ ուտում եմ, լավ խմում եմ, կարող եմ լավ ման գալ, եթե ինձ թույլ տան տանից դուրս գալ...

Նա ակնարկում էր իր ամուսնու վրա, որ նրան արգելարանի մեջ էր պահում։ Ես հիշեցի Քոթոթի խոսքերը։ Նա նստեց իմ բարձի մոտ, գլուխը խոնարհեցրեց ծնկների վրա, ձեռքով բռնեց աչքերը և մի քանի վայրկյան լուռ մնաց։ Գլխի ծամերը խառն հոսանքով ծածկեցին նրա դեմքը։ Այդ միջոցին նմանվում էր նա մի սգավորի, որ իր սիրելիի գերեզմանի մոտ ծունկ իջած, լուռ ողբում էր նրա ցավալի կորուստը։ Հետո նա գլուխը վեր բարձրացրեց, սոսկալով նայեց դեպի սենյակի դուռը, և բացականչեց հեկեկանքով.

— Դուք նրան օգնեցեք, պարոն բժշկապետ, նրան... դեռ ուշ չէ, դեռ կարելի է օգնել...

Ես կրկին սկսեցի դողալ։

— Դուք չե՛ք հավատում, պարոն բժշկապետ,— շարունակեց նա,— շտապեցե՛ք, կարելի է օգնել... դեռ մարմինը տաք է... ձեռքերը շարժում է... դեռ արյունը չէ դադարել հոսելուց...

Նա դարձյալ գլուխը ցած թողեց ծնկների վրա և երկու ձեռքով բռնեց աչքերը, կարծես զարհուրում էր մի սոսկալի տեսարանից և չէր կամենում նայել նրա վրա։ Նա այլևս չէր խոսում, ես լսում էի նրա խուլ հեկեկանքը միայն։

— Օգնեցեք, պարոն բժշկապետ...— դարձյալ կրկնեց նա,— դեռ ուշ չէ - կարելի է օգնել... ինչո՜ւ չեք վեր կենում... ահա այնտեղ է... շատ հեռու չէ...

Ես մտածեցի, թե իրավ, դրսում մի որևիցե դժբախտություն պետք է պատահած լինի, և շտապեցի օգնության հասնել։ Բայց նա պինդ բռնեց իմ թևքից, և, սրահի հատակը ցույց տալով.

— Նայեցե՛ք, պարոն բժշկապետ, ահա արյան շիթերը... դեռ չեն ցամաքել... Տեսնո՞ւմ եք, պարոն բժշկապետ, ես տեսնում եմ, ահա՛, նայեցեք...