Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արմավենու տերևից կազմված հովհարով զովացնում էր զառամյալ դեմքը։ Մի այլ տեղ չորս սևամորթ ստրուկներ, կիսամերկ, բոբիկ ոտներով, թևքերի վրա տանում էին մի շքեղ պատգարակ, որի մեջ նստած էր նրանց տերը, նախշուն, ոսկենկար զգեստներով։ Վերջին երկու պատկերները բոլորից ավելի գրավեցին իմ ուշադրությունը։

Ինձ պատահել էր տեսնել Պարսկաստանի հարուստ հայերի տներում նկարներով զարդարված սենյակներ, բայց նրանց նկարները ոչինչ միտք չունեին, պատկերացնում էին ծաղիկներ, ափսեների մեջ դրած պտուղներ, պարտեզներ և սիրուն կանանց դեմքեր: Իսկ այստեղ, վարպետ Փանոսի հյուրանոցում, պատկերների մեջ ես իմաստ էի տեսնում, կարծես նրանք դիտմամբ պատվիրված լինեին։

Սենյակի հատակը թեև զուրկ էր տախտակամածից, բայց նրա փոխարեն ծածկված էր եղեգնյա փսիաթներով, որոնց վրա տարածել էին գեղեցիկ պարսկական գորգեր և կապերտներ։ Վերջինները տեղային տնային արհեստի արդյունք էին։ Անկողինները, ծալած, փաթաթած, առանձին-առանձին գրած էին պատերի մոտ. նրանց թիվը ցույց էր տալիս, թե վարպետ Փանոսը ո՛րքան հարուստ պատրաստություններ ուներ իր հյուրերի համար, որոնք նրա տնից միշտ անպակաս էին լինում, Ես ոչ մի վանեցու տանը եվրոպական կարասիք չտեսա, իսկ այստեղ կար մի գրասեղան և մի քանի աթոռներ, թեև նրանց վրա չէին նստում։

Սենյակի լուսամուտների առջև կար պատշգամբի նման մի բան, հովանավորված տանձի ու ծիրանի ծառերով: Խաղողի որթը ներքևից վեր էր բարձրացել և, փաթաթվելով պատշգամբի սյուներին, տալիս էր նրան կանաչազարդ հովանոցի կերպարանք։ Սենյակում օդը բավական հեղձուցիչ էր. Ես, Ասլանին միայնակ թողնելով, դուրս եկա պատշգամբի վրա. Սկսեցի նայել դեպի այգին. Ծառերը ընկղմված էին գիշերային մթության մեջ. ոչ մի տերև չէր շարժվում. Ամեն ինչ լուռ էր, միայն անհանգիստ ճպուռը իր մերձակայքում եղանակում էր իր միակերպ, տաղտկալի երգը:

Ներքևում, բակի մեջ, կրակ էր վառվում: Վարպետի համարյա բոլոր ընտանիքը պտտվում էր կրակի շուրջը; Այնտեղ, ամառնային օջախի վրա, մեզ համար կերակուր էին պատրաստում: Ամառը այգեստանցին եփում է, ուտում է և պառկում է բաց օdի ներքո։ Ես տեսնում էի, թե ինչպես տափակ կտուրների վրա նստած