Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ նրա հանդեպ ծերունի արհեստավորը, երկուսի մեջտեղում դրած էր մի լայն տախտակ, որ ծառայում էր սեղանի փոխարեն։ Տախտակի վրա դրած էին զանազան նկարներ, որոնք պատկերացնում էին, որքան ես կարողացա հասկանալ, նավի այս և այն մասների առանձին-առանձին գծագրությունները։ Ասլանը ծերունի արհեստավորին ցույց էր տալիս այդ նկարները, բացատրում էր նրանց համեմատական չափը, տարածությունը, կազմվածքը և այլն։ Արհեստավորը ուշադրությամբ լսում էր նրան։ Մի կողմում նստած էր վարպետ Փանոսը, մյուս կողմում Բերզեն-Օղլին։ Նրանք ևս երբեմն հայտնում էին իրանց կարծիքները։

Երբ Ծովիկը ներս մտավ, բոլորը, գիշերային այն տարաժամ պահուն տեսնելով նրան, զարմացած մնացին։ Նա մոտեցավ հորը, ինչ-որ փսփսաց նրա ականջին։ Հայրը անմիջապես դուրս եկավ արհեստանոցից։

Երևում էր, որ Ասլանը վերջացրել էր իր գործը. նա նույնպես երկար չմնաց այնտեղ, նկարները հանձներ հյուսնին և դուրս եկավ։ Մինչև սրահը հասնելը՝ նա հարցրեց վարպետ Փանոսից.

— Դուք կարծում եք, որ նա կարո՞ղ կլինի պատրաստել․․․

— Սատանայի համար սոլ կկարե թշվառականը,— պատասխանեց վարպետ Փանոսը ծիծաղելով,— ես համոզված եմ, որ կարող կլինի պատրաստել։ Տասն տարուց ավելի, որպես աքսորյալ, Անգլիայի թիարաններում աշխատել է։ Վերին աստիճանի շնորհալի մարդ է, բացի իրանից, նա հասցրել է և մի քանի լավ աշակերտներ...

Ժ

ՓՈԹՈՐԻԿ

Ջերմ, տոթային գիշերը անցավ անհանգիստ կերպով, ինձ վիճակված էր լսել դժբախտ կնոջ աղետավոր պատմությանը։ Ասլանը զբաղված էր հյուսնի արհեստանոցում, նավաստին և վարպետ Փանոսը նույնպես անքուն մնացին, —չնայելով այդ․․․ բոլորին, առավոտյան ստիպված էինք խիստ վաղ վեր կենալ սրովհետև Ասլանը դիտավորություն ուներ նավակով Կտուց անապատը գնալ։

Աղոթարանը դեռ նոր էր սկսել պարզվիլ, դեռ առաջին անգամ լսելի եղավ գյուղական ժամատան կոչնակի անհամբեր հրավերը