Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ նավաստիի որոտալից ձայնը զարթեցրեց ինձ։ Նրա ձայնը զարթեցրեց և Ասլանին։ Վարպետ Փանոսը դեռ խռմփում էր։

Նավաստիի կոպտությունը բավական վրդովեցրեց ինձ, տրտնջալով հագնվեցա, և գյուղական սովորությամբ դուրս եկա փողոցը, այնտեղ բակի դռան առջևից հոսող առվակի մեջ երեսս լվանալու։ Բայց իմ տրտունջը իսկույն անտեղի երևաց, երբ տեսա, որ ամբողջ գյուղը ոտքի վրա էր։ Ծերերը, պառավները դիմում էին եկեղեցին աղոթելու, իսկ երիտասարդները դեպի իրանց դաշտային աշխատությունները։ Ես տեսա և Ծովիկին, որ սափորը ուսին՝ վերադառնում էր աղբյուրից։

— Ես կարծեցի, որ դու գնացել ես, և շտապեցի... — ասաց նա, կանգնելով իմ մոտ։

— Առանց քեզ մնաք բարով ասելու չէի գնալ, — պատասխանեցի ես, ինքս ավելի կարմրելով ամոթխածությունից, քան թե նա։

Նա ծիծաղեց։

— Այդ ջուրը ո՞րտեղից ես բերում, — փոխեցի խոսքս։

— Հեռվից, շատ հեռվից, տե՛ս, այն բլուրի մոտից։

Նա ձեռքը մեկնեց դեպի բլուրը, որ մռայլի միջից ամենևին չէր երևում։

— Այս տարի, ասում են շոգերի պատճառով, աղբյուրի ջուրը շատ պակասել է, — շարունակեց նա դատող մարդու եղանակով այնքան պակասել է, համարյա թե կաթկաթում է։ Պետք է սափորը դնել լուլայի տակին և սպասել, երկար սպասել, մինչև լցվի։ Այդ անզգամ աղջիկները մեկմեկու ծամեր փետում են, չեն էլ սպասում մինչև հերթը իրանց հասնի։ Այսօր քիչ էր մնում, որ մեկի հետ կռվեինք։

Ավանց գյուղի և առհասարակ Վանա շրջակա տափարակների հողը, տոգորված լինելով ծովային ջրով, պարունակում է իր մեջ շատ աղեր, որոնց պատճառով աղբյուրների ջրերը անախորժ համ ունեն, թեև ժողովուրդը գործ է ածում։ Բայց լեռներից և բլուրներից բխող աղբյուրները սքանչելի են։ Այդ էր պատճառը Ծովիկի այնքան հեռու գնալուն, որ մաքուր ջուր բերե, մանավանդ, որ տանը հյուրեր կային։

Ծովիկը, որպես նկատում էի, դժվարանում էր իմ մոտից հեռանալ, ծանր սափորը ուսին, կանգնած էր և խոսում էր ու խոսում, հարցնում էր, թե որտեղից ենք գալիս, ուր ենք գնում, հարցնում էր, թե ես քանի քույր ունեմ, քանի եղբայր ունեմ,