Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք եկանք նավահանգիստը այն ժամանակ, երբ բավական լուսացել էր, և աղոթարանը սկսել էր շառագունել։ Նավաստին մոտեցավ ցցին, որից կապված էր նրա նավակը և, բռնելով պարանից՝ կոչեց.

– Դե՜, մոտ եկ։

Նա այնպես էր կանչում իր նավակին, որպես ձիապանը իր սնուցած նժույգին։ Նավակը մոտեցավ եզրին։ Նա մի ոստյունով ցատկեց նավակի մեջ, որը բավական հեռու էր կանգնած։ Հետո ձայն տվեց Ծովիկին.

– Դե՛, դու էլ։

Մանկահասակ աղջիկը, հոր օրինակին հետևելով, նույնպես ցատկեց նավակի մեջ և տեղավորեց այնտեղ մեր նախաճաշիկի համար պատրաստած պաշարը. տապակած հավեր, պանիր, սպիտակ լավաշներ և մի շիշ գինի։ Ասլանը նույնպես անցավ, բայց ես փայտի նման կանգնած մնացի ափի վրա։ Ինձ համար տախտակ դրեցին, վրայից անցա։ Կարո՞ղ եք երևակայել իմ ամոթը, իմ քրտինքը Ծովիկի առջև։

Վարպետ Փանոսը, եզրից բարի ճանապարհ մաղթելով, Ծովիկի հետ վերադարձավ դեպի գյուղը։ Նավակը սկսեց լողալ։ Նրա մեջ տարածված էր մի փոքրիկ գորգ, որի վրա նստեցինք ես ու Ասլանը։

Ծովը հանդարտ էր։ Նավակը լողում էր առանց օրորվելու։ Առաջին անգամն էր, որ ես ծովային ճանապարհորդություն էի անում, և իմ ուրախությանը չափ չկար։ Ասլանը նույնպես լավ տրամադրության մեջ էր երևում, բայց լուռ էր։ Նա գտնվում էր մի տեսակ հափշտակության մեջ։ Անտարակույս, ծովային սքանչելի առավոտը չէր, որ իր գեղեցիկ տեսարաններով նրա ուշադրությունը գրավեր։ Ո՞վ գիտե, ի՛նչ բանի վրա էր մտածում նա։ Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որ նրա մշտական ցնորքն էր, որի մասին շատ անգամ խոսացել էր ինձ հետ, թե պետք է արդյունավոր կացուցանել ջրային այդ մեծ ավազանը և, զարգացնելով նրա վրա կանոնավոր նավագնացությունը, պետք է ավելի սերտ կապերով միացնել շրջակա գավառների հարաբերությունները։ Մտածո՞ւմ էր արդյոք այն բանի վրա, որը ինձ բոլորովին անկարելի էր թվում, թե պետք է մի ջրանցք բաց անել և, սկսելով այդ ծովի արևմտյան ափերից, հասցնել մինչև Եփրատ (Արածանի) գետը, որը ճեղքելով անցնում է Մուշի ամբողջ դաշտի երկարությամբ և, վերջը խառնվելով Տիգրիսի հետ, թափվում է