Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարսից ծոցը։ Այսպիսով մի ճանապարհ կբացվեր Հայաստանի սրտից, որը Արաբական ծովի և Հնդկական օվկիանոսի միջնորդությամբ կկապեր այդ սիրտը Հնդկաստանի հարուստ հայ գազթականության հետ: Ի՞նչ էր մտածում նա,— ես չգիտեմ և անկարող էի գիտենալ։ Այսքանը միայն ինձ հայտնի էր, որ նա մանր բաների վրա մտածելու սովորություն չուներ։ Ինձ հայտնի էր և այն, որպես նախընթաց օրը խոսեց սրբազնության առաջնորդի հետ և նրանից հանձնարարական թուղթ ստացավ, նա գնում էր Կտուց անապատը՝ այդ կղզու մեջ պահված մագաղաթները հետազոտելու համար։ Արդյո՞ք այդ ևս մի պատրվակ չէր, որի մեջ թաքնված էին այլ նպատակներ...

Ես էլ լուռ էի, բայց ես ջրանցքի, նավագնացության և ծովի վրա չէի մտածում. իմ մտածությունները շատ անմեղ էին, ես մտածում էի միայն Ծովիկի վրա։ Մտաբերում էի, թե ինչպես նա միջօրեի սաստիկ տոթի ժամանակ, ծառերի ճյուղերի վրա բարձրացած, նախշում էր խնձորները, մտաբերում էի, թե ինչպես գիշերային լռության ժամանակ, լսելով մոր ձայնը, նա ցած իջավ կտուրից, տարավ, հանգստացրեց դժբախտ մորը, մտաբերում էի, թե ինչպես առավոտյան, երբ մարդիկ դեռ նոր էին զարթել, իսկ նա վերադառնում էր հեռավոր աղբյուրից, մտաբերում էի նրա սրտագին խոսակցությունը, և վերջապես՝ կոտրած սանդրը․․․․ և ամաչում էի Ասլանից, հանել այդ թանկագին հիշատակը, նայել, երկա՜ր նայել նրա վրա... Այդ բոլոր հիշողությունները, որոնց մեջ փայլում էր կայտառ աղջկա սիրտն ու հոգին, պատկերացնում էի իմ մտքի մեջ, և համեմատություն էի անում նրա, Մարոյի և Սոնայի մեջ...

Այդ համեմատությունը երկար զբաղեցրեց ինձ, մինչև հեռվից, նուրբ մշուշի մեջ նշմարեցի Կտուց կղզին։ Սկսյալ երեխայությունից, այնքան զարմանալի պատմություններ էի լսել այդ կղզու անապատականների մասին, որ ցանկանում էի շուտ տեսնել նրանց, համբուրել նրանց սուրբ աջը և առնել նրանց փրկարար օրհնությունը։ Լսել էի, թե ինչպես նրանք իրանց փիլոնները տարածում էին այդ ծովի ալիքների վրա, կատաղած ալիքները իսկույն հանդարտվում էին. իսկ նրանք նստում էին փիլոնի վրա, որը որպես մի ամրակազմ լաստափայտ, լողում էր ջրի երեսին և տանում էր սուրբ հայերին, որտեղ որ նրանք ցանկանում էին։ Լսել էի, թե ինչպես նրանք մոտենում էին իրանց, կղզու ափերին, կանչում էին և ձկները նրանց, ձայնը լսելով, ուրախ-ուրախ. վազում