Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին դեպի եզրը, և նրանք ձեռքերը մեկնում, բռնում էին ձկներին, նայում էին նրանց վրա, զվարճանում էին և կրկին թողնում էին ջրերի մեջ ազատ ու անհոգ ապրելու։ Վերջապես, ի՜նչ հրաշալիք ասես չէի լսել նրանց մասին, և այդ բոլորը մտաբերելով, իմ սիրտը լցվում էր սրբազան ջերմեռանդությամբ, և ես ինձ անչափ երջանիկ էի համարում, որ պիտի տեսնեմ սուրբ հայրերին։

Նավաստին, երևի, ոչ մի բանի վրա չէր մտածում, նա նիրհում էր։ Թիկն տված նավակի կողքին, պառկել էր նա և երբեմն, քնի միջից, մեքենաբար շարժում էր թիակը, որ ձեռքից բաց չէր թողել։ Հնազանդ նավակը գիտեր իր գործը, գնում էր նույն ուղղությամբ, որ սկզբից նրա տերը նախագծել էր նրա համար։ Ծովը խաղաղ էր։

Բայց խաղաղությունը երկար չտևեց։ Հարավային քամին, որ սկսեց փչել արևի ծագելուց հետո, սկզբում մեղմ էր, հետզհետե սաստկացավ։ Ծովի հանդարտ մակերևույթը սկսեց հուզվել։ Նավաստին չէր նկատում այդ փոփոխությունը, նա, դեռ աչքերը խփած, շարժում էր ձեռքերը, որպես հոգնած, քնով ծանրացած մայրը, կեսգիշերին, մեքենաբար շարժում է անհանգիստ երեխայի օրորոցը։ Ասլանը առեց թիակը նրանից և հմուտ ձեռքով սկսեց ինքը թիավարել։ Նավաստին ոչինչ չզգաց։

Ալիքները այն աստիճան բարձրացան, որ ջուրը այժմ սկսել էր ցայտել նավակի մեջ։ Նավաստին զարթնեց։ Նա հորանջելով գլուխը վեր բարձրացրեց, ձեռքով շփեց ճակատը, կարծես աշխատում էր բռնի կերպով քունը փարատել իր աչքերից։ Նա զարմացած նայեց իր շուրջը։ Նեբրովթ և Գրգուռ լեռների գագաթների վրա երևում էին մոխրագույն ամպեր։ Մշուշը պատել էր այն կողմը, որը հետզհետե մռայլվելով, թանձր մառախուղի կերպարանք էր ստանում։ Այդ տեսնելով, նավաստիի հաստ, շագանակի գույնով շրթունքները հեգնաբար ետ քաշվեցան և երևան հանեցին նրա խոշոր, սպիտակ ատամները։

— Օ՜-հո՜,— բացականչեց նա,— շուտով մի լավ փոթորիկ կունենանք...

Մառախուղը հարավային կողմից սկսեց ավելի և ավելի տարածվել և բռնեց հորիզոնի մեծ մասը։ Բայց աղոթարանի կողմից նոր ծագող արեգակը ծիծաղում էր։ Երբեմն կաթկթում էին անձրևի խոշոր կաթիլներ, թեև մեր վրայի երկինքը դեռ պարզ էր։ Ջերմ և հեղձուցիչ գիշերից հետո, այդ երևույթը այդ կողմերում անսովոր բան չէր։