Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին հարևանները և ընթրիք էին վայելում։ Նրանց սեղանը լուսավորված էր մի տեսակ արևելյան օտարոտի լամպայով, որը շինված էր փայտից և բարձր վանդակի ձև ուներ, և որի մեջ թռչունի փոխարեն՝ վառվում էր մի ճրագ։ Վանդակի վրա հագցրած էին բարակ կտավից սպիտակ շապիկ, որ պահպանում էր ճրագը քամու հոսանքից։

Սովորությունները համարյա միևնույնն էին, ինչ որ տեսել էի մեր կողմերում։ Ընթրիք էին անում կտուրների վրա. սեղանների շուրջը բոլորել էին միայն տղամարդիկ, իսկ կանայք ոտքի վրա սպասավորում էին, սպասելով, որ տղամարդիկ վերջացնեն, հետո իրանք ևս մի բան ուտեն։ Աղջիկները նույն կտուրների վրա անկողիններ էին պատրաստում, իսկ մայրերը ճոճում էին անքուն զավակների օրորոցները։ Ա՜խ, ո՛րքան քաղցր էր կտուրային այդ բացօթյա կյանքը... ո՛րքան անմոռանալի հիշատակներով կապված էր նա իմ սրտի հետ... Դեպի բարձր նայում ես, քեզ հովանավորում է պարզ, աստղազարդ երկինքը, իսկ քո շուրջը տիրում է անսահման, ազատ տարածություն, խնկարկված հազարավոր բուսականների անուշահոտությամբ։

Մի քանի կտուրներից երգի ձայն էր լսվում, երգում էին ըստ մեծի մասին հոգևոր երգեր։ Աշխարհիկ երգեր շատ չունի այդ ժողովուրդը և ինչ էլ որ ունի, խիստ տխուր են և մելամաղձոտ։ Դա ամենապարզ հատկանիշն է հուսահատ ինքնուրախության,— երբ մարդու միտքը, հոգին, բավականություն չգտնելով աշխարհային վայելչությունների մեջ և զուրկ լինելով նրա ուրախություններից, ձգտում է դեպի հոգևորը, դեպի երկնայինը։ Տեղ-տեղ ածում էին չոնգուրների վրա։ Այդ ձայները խիստ թախծալի եղանակով հնչում էին գիշերային լռության մեջ, որպես վշտալի սրտի դառն մրմունջներ։ Վանեցու սեղանի երգն անգամ խառն է լինում արտասուքի հետ...

Երկար լսում էի ես։ Երբեմն գիշերային խաղաղությունը վըրդովում էր խառնաշփոթ աղաղակներով։ Աղմուկը հետզհետե սաստկանում էր: Ահա լսելի եղավ հրացանի խուլ նետում, և իսկույն տիրեց խորին լռություն...

— Էլի կատաղե՜լ են անզգամները,— ասաց վարպետը՝ շտապով իմ մոտից անցնելով։— Առավոտյան կամ մի երկու սպանվածներ կունենանք, կամ մի քանի վիրավորվածներ...

Այնտեղ սպանում էին, իսկ այստեղ հոգևոր երգեր էին երգում։

Բայց մեր հյուրընկալը, որպես երևում էր, միայն աղոթքով