Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հենց այդ հորձանքը կազատե մեզ։

— Դուք համոզվա՞ծ եք։

— Ինչպես երկու անգամ երկու...

— Տեսնենք...

Գիտությունը և փորձը վիճում էին միմյանց հետ, Ասլանը, նայելով ալիքների ուղղությանը, քամու ընթացքին, այդ համոզմունքն էր կազմել։ Իսկ նավաստին, հիմնվելով իր փորձերի վրա, բոլորովին հակառակ կարծիք էր հայտնում. նա դարձյալ առաջարկում էր թողնել նավակը և լողալով ընկնել կղզին։ Թե՛ այսպես, թե այնպես, տագնապը մեծ էր։

Նավաստին դադարեց վիճել, նա թեորիայի մարդ չէր, հանկարծ այն տեսանք, որ նա, նավակից կապած երկայն պարանի ծայրը ձեռքին բռնած, նետվեցավ ջրի մեջ։ Սկզբում բոլորովին խորասույզ եղավ նա, մի ծանր խարսխի նման, որը դեպի հատակը գնալով, կանգնեցնում է մրրկածուփ նավը։ Ես սաստիկ վախեցա, կարծում էի, թե կորավ նա։ Բայց քանի րոպեից հետո կրկին հայտնվեցավ նա, և սկսեց լողալ դեպի կղզին, իր ետևից, քարշ տալով նավակը։

Ասլանը շվարած մնաց։

Կղզին այժմ պարզ երևում էր։ Մառախուղի միջից ես նշմարում էի աբեղաների մռայլ կերպարանքները, որոնք, ափի մոտ կանգնած, իրանց ջերմեռանդ, աղերսավոր ձեռքերը տարածել էին դեպի երկինքը։

Մի քանի անգամ ալիքները այնպես սաստկությամբ անցան նավակի վրայից, որ փոքր էր մնում, մի թեթև փետուրի նման, մեզ ողողեին և իրանց հետ տանեին։ Ես բնազդմամբ բռնեցի դրոշակի թույլ ձողից։ Ասլանը ծիծաղեց։

— Մի վախիր,— ասաց նա,— կղզին մոտ է։

— Բերզեն-Օղլու ջանքերն իզուր անցան, —հանկարծ խոսքը փոխեց նա, և մի անսովոր անհանգստություն երևաց նրա դեմքի վրա։ — Պարանը կտրվեցավ...

Այնուհետև ի՞նչ պատահեց, ի՞նչ կատարվեցավ մեզ հետ, ետ մինչև այսօր էլ չեմ կարողացել ճիշտ կերպով պատկերացնել իմ մարում։ Այսքանը միայն աղոտ կերպով հիշում եմ, որ կոհակները կրկին բարձրացան, և ես, ինչպես երազի մեջ, զգացի որ նավակը այլևս իմ ոտների տակին չէր. ես ընկղմված էի ջրի մեջ, մրրկածուփ ալիքները խաղացնում էին ինձ, երբեմն դեպի հատակը տանելով, երբեմն դեպի վեր բարձրացնելով, և այդ ժամանակ