Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խուցը մութն էր: Եթե բուխարու մեջ վառվող կրակը չլիներ, մենք գուցե ճրագի կարոտություն կզգայինք: Երկու նեղ լուսամուտներ, որոնց բարձրությունը երկու թզաչափ և լայնությունը մեկ թզաչափ հազիվ կլիներ, բացված էին միմյանց մոտ, սենյակի այն գծի ներքև, որտեղ առաստաղը միանում էր պատի հետ: Այդ բարձր ծակերից ստացվող լույսը հատակին չէր հասնում: Այդ տեսակ լուսամուտներ կարելի էր տեսնել բանտերում միայն: Բայց այնտեղ հասկանալի է նրանց նշանակությունը, թե ինչու լուսամուտները մի քանի անգամ բարձր, քան թե մարդու հասակը, վերևից են բաց անում: Որպեսզի բանտարկյալները հնար չգտնեին փախչելու: Իսկ այստեղ ի՞նչ նշանակություն ունեին:

– Չե՞ս իմանում, – բացատրեց Ասլանը, – այդ նրա համար են լուսամուտները այդքան նեղ և բարձրից բացված, որպեսզի այդ խուցերի մեջ բնակվող աբեղաները չհրապուրվեն դրսի տեսարաններով, այլ կենտրոնանան իրանց հոգևոր մտածությունների մեջ:

Դա մի սոսկալի անձնուրացություն պետք էր համարել, որ մարդիկ կամավ զրկում են իրանց աստծու գեղեցիկ աշխարհի վրա նայելուց, մանավանդ մի այնպիսի գեղեցկության, որպես էր շրջապատող ծովը իր սքանչելի տեսարաններով:

Բոլոր խուցերը, որոնց թիվը հարյուրից ավելի կլիներ, այդ ձևով էին շինված: Նրանց դռներն անգամ չէին բացվում դեպի դուրսը, որտեղից կարելի կլիներ մի բան տեսնել: Դռները բացվում էին մթին լաբիրինթոսի նման ոլոր-մոլոր նրբանցքների մեջ, ուր ցերեկով ևս պետք էր ճրագով ման գալ, գլուխը չկոտրելու համար: Այստեղ էին բնակվում աշխարհից անջատված ճգնավորները: Բայց զարմանալին այն էր, որ շատերը նրանցից, այդ գերեզմանի պես խավար խղիկները ավելի փափուկ, ավելի վայելչական համարելով, թողել, հեռացել էին և կղզու ժայռերի մեջ իրանց ձեռքով այրեր էին փորել, նրանց մեջ էին բնակվում, բոլորովին զրկելով իրանց մարդիկների հետ հաղորդակցությունից: Դրանց թվումն էր և վանահայրը, որը խիստ հազիվ անգամ էր հայտնվում միաբանության մեջ և որի մասին զանազան հրաշքներ էին պատմում: Իսկ այնօր մեր պատճառով ցած էր իջել իր քարայրից:

Գալով այդ անապատը, ես բոլորովին ուրիշ բան էի սպասում տեսնել. գեղեցիկ, մաքուր խուցեր` լի օդով և լույսով, ծովահայաց սրահակներ` զովաբեր պատշգամբներով, խուցերի մեջ ամեն հարմարություններ՝