Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ագահությունից այրվում են. այդպիսիներից պետք է փախչել և ոչ թե նրանց հետ հաղորդակցություն ունենալ»...

— Դրանք,— առաջ տարավ Ասլանը,— որոնց նկարագրում է Եզնիկը, իհարկե, պետք է նրա ժամանակի կեղծավորները և փարիսեցիները համարել, որոնք բարեպաշտական դիմակի ներքո սնուցանում էին ամենաանբարոյական կրքեր, թեև այդ կեղծավորները ամեն ժամանակ մեծամասնություն են ներկայացրել։ Բայց ամենավնասակարր միշտ այն է եղել, երբ այդ աբեղաները անկեղծությամբ են վերաբերվել իրանց ուխտին։ Որովհետև սպանել, ամեն զորությունից զրկել մարմինը մշտական պահով, ծոմով և խիստ ճգնություններով, որ նա անընդունակ լինի որևիցե ցանկության,— դա ոչ այլ ինչ է, եթե ոչ, մի տեսակ հոգևոր բարբարոսություն։ Ամեն օր, ամեն ժամ, անդադար միևնույն աղոթքների կրկնությամբ բթացնել միտքը, և զգայուն, մտածող էակից դարձնել մի տեսակ անգիտակցական մեքենա,— դա կատարյալ հոգեսպանություն է։ Այդ բոլորը միշտ կատարվել է մեր անապատներում, նույնը կտեսնեք և այստեղ։ Այդ բոլորը կատարվել է մարմնի, հոգու և սրտի վատ ցանկությունները սպանելու նպատակով։ Բայց երբ մարմինը, հոգին և սիրտը բռնի միջոցներով անընդունակ են դարձնում վատ ցանկությունները, շատ բնական է, որ նրանք, միևնույն ժամանակ, կկորցնեն և լավ ցանկությունների ընդունակությունը։ Մարդը այդ դեպքում կդառնա մարմնով կենդանի դիակ, իսկ հոգով՝ ապուշ, եթե չասենք խելագար։

Ասլանի դատողությունները շատ գեղեցիկ էին, բայց ես քաղց էի զգում։ Ծովային սառն բաղանիքը, որ ալեկոծության շնորհիվ վայելեցինք մենք, սաստիկ բաց էր արել իմ ախորժակը։ Ես այժմ ոչինչ բանի մասին չէի ափսոսում, որ կորցրինք ծովի մեջ, այլ ափսոսում էի միայն այն տապակած վառյակների և սպիտակ լավաշների մասին, որ Ծովիկը թաշկինակի մեջ կապեց և յուր ձեռքով տեղավորեց մեր նավակի մեջ։ Անհամբերությամբ սպասում էի աբեղային, որ գար և մեզ հրավիրեր սեղանատունը։ Բայց ե՞րբ պիտի գար նա, ճաշի ժամից հետո։ Արդյո՞ք կվերջանար այդ ճաշվա ժամը, թեև կեսօրից շատ էր անցել, և մենք սկսյալ առավոտից ոչինչ կերած չէինք։

Դրսում մրրիկը դեռ չէր դադարել: Կատաղի քամին տակավին մռնչում էր։ Ներս մտավ նավաստին, անապատումը իր ուղտը կորցրած արաբի նման, տխուր և հուսահատ դեմքով։ Երբ ես սկսեցի մխիթարել, նա պատասխանեց.