Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստած գտանք, և մոտենալով աջը համբուրեցինք։ Նա վաղօրոք ծերացած, միջին հասակով մի կրոնվոր էր, մեղմ աչքերով, հեզ դեմքով և նվաղած ձայնով։ Ամեն ինչ նրա մեջ մաշվել, թուլացել և իր ուժը կորցրել էր, որպես էր և նրա հնամաշ հագուստը։ Նա խիստ բարեսրտությամբ հրավիրեց Ասլանին նստել իր աջ կողմում, ինձ իր ձախ կողմում, իսկ նավաստին տեղավորվեցավ իմ մոտ, հետո ցավակցություն հայտնեց մեզ հետ պատահած դժբախտության մասին և գոհություն ամենակալին, որ +ազատեց մեզ վտանգից։ Դրանով վերջացավ նրա խոսակցսւթյունը, որովհետև այդ միջոցին, մինը մյուսի ետևից, որպես գիշերային ուրվականներ, լուռ հանդարտությամբ ներս մտան աբեղաները և կարգով շարվեցան սեղանի երկու կողմում։ Աղոթքից հետո յուրաքանչյուրը նստեց իր տեղում։

Տիրում էր ընդհանուր լռություն։ Մենք ևս, սովորական կանոնին հետևելով, լուռ էինք։ Յուրաքանչյուրի առջև դրած էր մի կտոր հաց, պատրաստած գարու և ցորյանի խառն ալյուրից, մի պղնձե պնակ, կլայեկով պատած, և մի փայտյա գդալ։ Սեղանի այլ պարագայք չկային, բացի փայտյա մեծ աղամաններից, որ մի-մի հատ դրած էր յուրաքանչյուր հինգ հոգու առջև։ Կանաչեղենները առատ էին. դալար սոխ, պռաս, բողկի տերևներ և այլն։ Այդ կանաչեղենները այնպես ագահությամբ ուտվում էին, ինչպես սոված անասունները խոտ են ճարակում։ Ոտքի վրա սպասավորություն էին անում նույնպես աբեղաներ։ Պղնձյա մեծ ափսեների մեջ նրանք ներս բերեցին պատրաստած միակ կերակուրը և հավասար կերպով բաժանեցին բոլորին։ Մենք ևս մեր բաժինը ստացանք։ Դա ձավարից պատրաստած մի տեսակ փլավ էր, որի վրա ածել էին փոքր-ինչ կտավհատի ձեթ։ Չնայելով որ ես շատ քաղցած էի, բայց ուտել չկարողացա։ Հացը անկարելի էր ուտել։ Ցորյանի ալյուրի խառնուրդը նրա մեջ ամենափոքր մասն էր միայն կազմում, իսկ գարին իր խոշոր թեփուկներով խեղդելու չափ անկլանելի էր։ Արևելքում այս տեսակ հացեր պատրաստում են ուղտերի համար։ Նավաստին մեծ ախորժակով ուտում էր։ Սեղանի վրա ուրիշ ըմպելիք չկար, բացի ջրից, և ուրիշ համեմ չկար, բացի աղից։ Բոլորը ուտում էին մի առանձին ծուլությամբ, ոչ թե այն պատճառով, որ սեղանը նրանց համար բավարար չէր, այլ, ընդհակառակը, շատ ճոխ էր։ Ձավարի փլավը, կտավհատի ձեթով, ամբողջ տարվա մեջ գուցե մի երկու կամ երեք անգամ նրանք բախտ կունենային ստանալու։ Իսկ այսօր պատրաստել էին ի պատիվ մեր: Իսկ