Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չկար նրանց հագուստների մեջ, ամբողջապես կարված էին մաղձ կոշտ գործվածքներից։ Նրանց հագուստը, որպես երևում էր, ոչ այնքան մարմինը պահպանելու նպատակով էր պատրաստած, որքան նրան տանջելու նպատակով։ Շապիկներն անգամ կարված էին թանձր մազեղենից, որ հագած ունեին մերկ մարմնի վրա և խարտոցի նման մաշում էին նրան։ Առհասարակ թոված ղահվեի մուգ գույնը տիրում էր բոլոր հագուստների վրա։ Գլխներին գրած ունեին արախչինի նման բրդյա թասակ, որի վրա փաթաթել էին սև թաշկինակ։ Այդ տեսակ գլխարկները անապատականների լեզվով կոչվում էին «քուսիթա», որի ասորական նշանակությունը ցույց է տալիս, որ ամենահին ժամանակներում գլխարկի այդ ձևն առնված էր ասորիներից, երբ նրանց կղերը մեծ դեր էր խաղում մեր եկեղեցական կյանքում։ Վանահոր զգեստը թե՛ իր գույնով և թե՛ ձևով չէր որոշվում մյուսներից։ Բոլորը հագած ունեին ծանր հողաթափներ, երեք մատնաչափ հաստ փայտյա տակերով։

Բայց ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր չափազանց կեղտոտությունը, որը տիրում էր բոլորի վրա։ Երևում էր, որ այդ մարդիկը այն աստիճան արհամարհում էին մարմինը, որ բոլորովին անփույթ էին՝ նրանք փոքր ի շատե մաքուր դրության մեջ պահելու։ Եվ ես հավատացած էի, որ դրանք երբեք չէին լվացվում, երբեք չէին սանդրվում։ Բոլորի մազերը անկարգ կերպով խճճված էին երեսների և գլխների վրա, և այդ՝ խելագարների տպավորություն էր գործում։

Ճաշը վերջացավ նույնպես աղոթքով, որպես սկսվեցավ։ Բորը վեր կացան, խոնարհությամբ գլուխ տվին վանահորը և լուռ, դանդաղ քալերով դուրս եկան սեղանատնից, դիմեցին դեպի իրանց խուցերը։ Այնտեղ նրանք ուրիշ հանգստություն չունեին, պետք է մխիթարություն գտնեին «սաղմոս քաղելու» մեջ և սպասեին երեկոյան մամերդությանը։ Զբոսանքներ արգելված էին նրաց։

Երբ մենք վանահոր հետ միայնակ մնացինք, նա դարձավ դեպի Ասլանը այդ խոսքերով.

— Ես կարդացի նորին սրբազնության թուղթը, պարոն բժշկապետ, ձեր նպատակը շատ գովելի է, և ես ամենայն հոժարությամր պատրաստ կլինեի ձեր փափագներին տալ, եթե մեր վանքում գտնվեին ձեր ցանկացած ձեռագրերը։

— Շատ շնորհակաl, եմ, հայր սուրբ, ձեր բարեսրտության համար,- պատասխանեց Ասլանը,— դուք ինձ շատ կպարտավորեիք,