Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե նա տարավ հայոց գրքերը, պետք է ճիշտ համարել և այն, որ Սամարկանդում մի առանձին աշտարակ շինել տվեց և նրա մեջ մեծ խնամքով էր պահում այդ գրքերը:


Ասլանի նկատողությունը ամենևին չվիրավորեց վանահորը. նա բավական սառնասրտությամբ պատասխանեց.

– Անձրևի և ձյունի ժամանակ այնտեղից կաթում է, պարոն բժշկապետ, – նա ձեռքով ցույց տվեց քայքայված խորանի առաստաղը, – այդ խոնավությունը նրանից է: Մենք տեսանք, որ գրքերը փչանում են, այդ պատճառով պիտանիները ջոկեցինք դրանց միջից և մի ապահով տեղում ենք պահում:

– Ձեր ջոկածները անպատճառ սուրբ գրքեր կլինեին:

– Իհարկե, սուրբ գրքեր:

– Իսկ այդ անսուրբ գրքերը թողեցիք, որ այստեղ փտե՞ն…

Նա ոչինչ չպատասխանեց, երևի իր մտքում զարմանում էր պարոն բժշկապետի անտեղի բարկության մասին: Ես օգնեցի Ասլանին` քննելու գրքերը: Վանահայրը, մոմը ձեռքին, տհաճությամբ լուսավորում էր մեր աշխատությունը: Որո՞նք էին, հայր սուրբի կարծիքով, անսուրբ գրքերը, – հայտնվեցան Խորենացու, Ղազար Փարպեցու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և մեր նշանավոր մատենագիրների ընտիր օրինակները, բայց բոլորը քրքրված, բոլորը կիսով չափ կամ մեծ մասամբ փտած: Մի Խորենացի միայն մնացել էր ամբողջ, բայց նրանից ևս առաջին և վերջին թերթերը պակաս էին:

– Բժշկարան կա՞, – հարցրեց վանահայրը:

– Չէ երևում, – պատասխանեց Ասլանը:

– Մի հատ պետք է որ լիներ, – ասաց հայր սուրբը, աշխատելով մտաբերել, – բայց չեմ հիշում ով տարավ…

– Ով տարել է, վատ չի արել, եթե մնացած լիներ, այն ևս պետքէ այդ գրքերի վիճակին ենթարկվեր, – ասաց Ասլանը:

Խորին ցավակցությամբ մենք դուրս եկանք խորանից, ուր կատարվել էր այդ բարբարոսությանը: Վանա ծովակի կղզիները, ապահով տեղեր համարվելով, նրանց մեջ գտնված անապատները միշտ եղել են հայոց գրքերի մի-մի շտեմարաններ. իսկ այդ շտեմարանները տգետ աբեղաների անհոգությունից դարձել են նույն գրքերի գերեզմանները…

– Հիմա, հայր սուրբ, խնդրեմ ցույց տվեցեք ձեր սուրբ գրքերը, – ասաց Ասլանը: – Անսուրբները տեսանք…