Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանահայրը շփոթված կերպով կանգ առավ և մտատանջության մեջ ընկավ։ Ասլանը, երևի, հասկացավ նրա անվճռականության պատճառը և հանգստացրեց՝ ասելով.

— Ես միայն հեռվից կնայեմ...

— Աստված օրհնե քո հավատը,— ասաց հայր սուրբը, և կակազելով ավելացրեց,— իհարկե, պարոն բժշկապետ, աշխարհական մարդուն փոքր-ինչ ան...

— Հասկանում եմ, հայր սուրբ,— նրա խոսքը լրացրեց Ասլանը։— Աշխարհական մարդուն անվայել է սուրբ գրքերը ձեռքով շոշափել...

Տաճարի պահարաններից մեկում, որ այլ անունով կոչվում էր ավանդատուն, գրած էր մի մեծ և ծանր արկղ սև փայտից։ Ո՞ր ժամանակի գործ էր այդ արկղը, ո՞րտեղից էր բերված,— հայտնի չէր։ Նրա մեջ պահվում էին վանքի սրբությունները, խաչեր, սուրբ Նշաններ, պատած ոսկով և արծաթով, թանկագին անոթներ, որոնց թվում և պահվում էին սուրբ գրքերը։ Վանահայրը ցույց տվեց մեզ այդ գրքերից մեկը միայն, որ կոչվում էր «Կարմիր Ավետարան», երևի նրա համար, որ կարմիր ներկը նրա նկարների մեջ ավելի պայծառությամբ աչքի էր զարկում և ավելի շատ էր գործ ածվել, քան թե մյուս ներկերը։

Երբ մտանք ավանդատունը, վանահայրը վառեց երկու մոմեր, մեկը տվեց իմ ձեռքը մյուսը՝ Ասլանի ձեռքը, և երեսը խաչակնքելով, մոտեցավ սև արկղին։ Լուռ աղոթքներ կարդալով, բաց արեց նա արկղը և նրա միջից վեր առեց մի մեծ կապոց։ Ես և Ասլանը մեր մոմերով առաջնորդեցինք նրան, մինչև նա դուրս եկավ ավանդատնից, բերեց կապոցը և դրեց տաճարի սեղանի վրա։ Այժմ լսելի ձայնով մի շարական երգելով, սկսեց մեկ-մեկ բաց անել բազմաթիվ թաշկինակները, որոնց մեջ փաթաթված էր «Կարմիր Ավետարանը»։ Թաշկինակները գույնզգույն էին, բոլորը մետաքսից։ Նրանցից մի քանիսի վրա երևում էր կնոջ ձեռքի շնորհքը. նուրբ ասեղնագործությամբ հորինած զանազան նկարներ կամ սուրբ գրքերից խորհրդավոր պատկերներ, Վանա հարուստ «խոջաները», որ մի ժամանակ տարածվել էին աշխարհի ամեն կողմերը, արևելքից և արևմուտքից բերել էին այդ թանկագին ընծաները և նվիրել սուրբ Ավետարանին։ Երբ վանահայրը բաց արեց գիրքը, թե ես և թե Ասլանը հիացած մնացինք, մագաղաթը այնքան բարակ էր և հարթ, ինչպես ամենաըընտիր թուղթ. նկարները սքանչելի էին, իսկ գրիչը վերին աստիճանի կանոնավոր և գեղեցիկ։