Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք այլևս հեռու չգնացինք, չկամենալեով խանգարել նրանց հանգստությունը։

— Ինչո՞ւ փախավ նա, երբ որ մեզ տեսավ,— դարձյալ հարցրի ես նավաստիից։

— Մեղավոր մարդու երեսը նրանք չեն ուզում տեսնել,— պատասխանեց նավաստին։

Ես, ուղիղն ասած, եթե ոչ երկյուղ, բայց մի անբացատրելի թախիծ ու տրտմություն էի զգում այդ մարդկանց հանդիպելիս,— այդ էր պատճառը, որ կամեցա շուտով վերադառնալ մեր խուցը, նավաստին դարձյալ գնաց կղզու ափերի մոտ թափառելու։

Ասլանին չգտա մեր իջևանում. նա դեռ չէր վերադարձել վանահոր խուցից։ Ի՞նչ կար, որ այդքան ուշացավ նա։ Ես չեմ կարծում, որ հայր սուրբը որևիցե բանով նրան հյուրասիրած լիներ։ Մի ամբողջ ժամ ևս անցավ, երբ Նա եկավ: Ի՞նչ էր խոսացել այնտեղ, կամ ինչո՞ւ այդքան ուշացավ,— այդ մասին նա ինձ ոչինչ չպատմեց, բայց ես նկատեցի, որ նա բավական դժգոհ էր։ Գլխարկը բարկությամբ մի կողմ նետեց և պառկեց կապերտի կտորի վրա, ինքն իրան խոսելով. «Այդ ապուշներից ոչինչ չէ կարելի սպասել»...

Նա աչքերը խփեց և լուռ կացավ։ Ես կարծեցի, որ քնեց: Չկամենալով խանգարել նրան, դուրս եկա խուցից, նստեցի պատի մոտ մի քարի վրա և սկսեցի նայել դեպի ծովը։ Այդ միջոցին ինձ մոտ եկավ աբեղան, որին հանձնված էր հոգ տանել մեր մասին։ Նա դեռ երիտասարդ էր, և այդ հասակում նրա մազերը մեծ մասամբ սպիտակել էին:

— Դուք, երևի, այդ ծովի շրջակայքիցն եք,— հարցրի նրանից։

— Ոչ, հեռվից եմ, շատ հեռվից,— պատասխանեց նա մի առանձին տխրությամբ։

— Ո՞րտեղից։

— Հին-Նախիջևանի կողմերից:

— Ձեր ծնողներից նամակ ստանո՞ւմ եք։

— Իմ ծնողները չգիտեն, որ ես այստեղ եմ։

— Ի՞նչպես չգիտեն։

— Ես ծածուկ փախա մեր տանից, որ ծնողներս չարգելեն։

— Ի՞նչպես ծագեց ձեր մեջ այդ միտքը։

— Մեր տան քահանան, երբ հորս մոտ էր գալիս, շատ անգամ պատմում էր անապատների մասին, ճգնավորների մասին