Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսում էի, և այնքան գրավվեցա, որ մտածեցի թողնել մեղավոր աշխարհը և մտնել անապատը։

Ես իսկույն մտաբերեցի իմ վարժապետ տեր Թոդիկին, նա ևս մի ժամանակ ինձ խելքից հանել էր, ճգնավորների մասին զանազան հրաշքներ պատմելով։

— Դուք չե՞ք մտածում մի անգամ գոնե գնալ ձեր ծնողներին տեսնելու։

— Այդ անապատը մտնողը այլևս իրավունք չունի դուրս գալու կղզուց, այստեղ մնում է, ծերանում է և այստեղ էլ մեռնում է...

Վերջին խոսքերը արտասանեց աբեղան մի առանձին զգացմունքով, որի մեջ նշմարվում էր կարոտյալ սրտի թախիծը։ Ես փոխեցի իմ խոսքը.

— Ասացեք, խնդրեմ, հիմա այդ կղզում կան այնպիսի ճգնավորներ, որ հրաշքներ գործեին։

— Առաջ եղել են։

— Ինշո՞ւ հիմա չկան։

— Հիմա էլ կան, բայց ցույց չեն տալիս... Մարդիկ պետք է առանց հրաշքներ տեսնելու ևս հավատան, այն ժամանակ միայն նրանց հավատը կատարյալ կլինի։— Նա սկսեց երկար խոսել այդ մասին։

Ես համարյա չէի լսում։ Իմ ուշադրությունը գրավել էր գեղեցիկ երեկոն։ Փոթորկային օրից հետո երեկոյան վերջալույսր սքանչելի էր։ Արեգակի վերջին ճառագայթները, կարծես կատաղի մրրիկից վրեժխնդիր լինելու համար, որ այնօր խանգարեց նրանց տվնջյան խաղաղությունը, այժմ լուսավորել էին ծովակի եզերքը պայծառ, ծիրանեգույն լուսավորոլթյամբ։ Ես նայում էի դեպի հեռուն, շատ հեռուն։ Ինձ երևում էին հին Աղիովտի գեղագրական ծովեզերքը։ Այդ զվարճալի վայրերը, այդ գեղեցիկ բլուրներն ու հովիտները մի ժամանակ սեփականություն էին հայոց Արշակունի արքայազունների։ Ժառանգը մնում էր թագավորի մոտ Այրարատ գավառում, իսկ մնացյալ արքայազունները ուղարկվում էին այստեղ, որպեսզի գահի վերաբերությամբ որդիների մեջ հակառակություն չծագեր։ Այդ բլուրների, այդ մթին ձորերի մեջ, արքայազն երիտասարդները, իրանց որսորդական բարակներով և բազենեներով, խռովեցնում էին սորամուտ երեների հանգստությունը։ Իսկ նրանց փոխարեն քուրդ բեկզադեն, նիզակը ձեռին, իր վեհապանծ նժույգի վրա, հետամուտ էր լինում փախչող եղջերվին...