Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տեսնում էի Քաջբերունյաց հզոր քաղաքը՝ Արճեշը։ Ո՜րքան գեղեցիկ օրեր, ո՜րքան դառն աղետներ կապված էին այդ դժբախտ քաղաքի պատմության հետ... Պարսիկը, հագարացին, հույնը դարերի ընթացքում թափեցին նրա վրա իրանց բարբարոսությունը, և ինչ էլ որ պակաս էր մնացել, լրացրեց անսիրտ ծովը։ Նա ողողեց քաղաքի շրջակայքը, կտրեց նրան ցամաքից և, բոլորովին կղզիացնելով, առեց իր ալիքների մեջ։ Սարսափած բնակիչները իրանց շքեղ բնակարանների հետ մեծ մասամբ ջրասույզ եղան... Այժմ արևի երեկոյան ճառագայթները լուսավորում էին նրա միջնաբերդի գագաթը միայն, որը մի սեպաձև կղզու նման դուրս էր ցցվել ջրերի մակերևույթից։ Իսկ ծովը օրեցօր սպառնում էր կլանել քաջբերունյաց քաղաքի այդ վերջին մնացորդն ևս, և բոլորովին անհետացնել նրա տխուր հիշատակը...

Երեկոյան ժամը զարկեցին, աբեղան վեր կացավ, ինձ ևս հրավիրելով իր հետ ժամ գնալ։ Ես մեծ հոժարությամբ կգնայի, եթե Ասլանը ներսից չկանչեր ինձ։ Ես նրան նույնպես պառկած գտա, որպես թողել էի։

— Ի՞նչ է պատահել քեզ,— զարմանալով հարցրի ես։

— Ոչինչ, փոքր-ինչ վատ եմ զգում ինձ...- պատասխանեց և շուռ եկավ մյուս կողքի վրա։

— Երևի ծովից դուրս գալուց հետո, այնքան երկար մնացիք թրջված հագուստով, որ մրսեցիր։

Նա ոչինչ չպատասխանեց, միայն խնդրեց, որ բաց անեմ լուսամուտները։ Խուցի մեջ օդը խեղդելու չափ ծանր էր։ Բայց ի՞նչպես պետք է բաց անեի լուսամուտները, որոնք իմ հասակից շատ բարձր էին։ Այս կողմ ու այն կողմ ընկա, որոնեցի, վերջապես մի բան գտա, դրեցի ոտներիս տակը և վեր բարձրացա։ Լուսամուտները փեղկեր չունեին, մի-մի փայտյա շրջանակ միայն ագուցած էր յուարքանչյուրի մեջ, և նրանց վրա, ապակիի փոխարեն, մեխած էին հաստ, մուգ-դեղնագույն թերթեր, որոնց վրա երևում էին գունատված գրության հետքեր։ Ես պոկեցի երկու լուսամուտների թերթերն ևս։ Երբ Ասյանը այդ թերթերին նայեց, ասաց.

— Մագաղա՞թ է։ Դրանք այն Խորենացու պակաս թերթերիցն են, որ մենք ժամատան խորանում տեսանք։

Գիշերը Ասլանը իրան ավելի վատ էր զգում։ Գլուխը սաստիկ ցավում էր և գանգատվում էր սաստիկ ծարավից։ Բայց մաքուր ջուր անկարելի էր գտնել այստեղ։ Ծովի ջուրը խիստ դառն էր,