Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

hորերի ջրերը նույնպես դառնահամ էին։ Մաքուր ջուր ստանում էին հալած ձյունից, որը ձմեռը հավաքելով առանձին ստորերկրյա սառցատներում, ամառը գործ էին ածում։ Իսկ այս տարի այդ մասին ևս հոգ չէին տարել։ Կար և ջրամբար, որի մեջ առանձին ճանապարհներով հավաքվում էր անձրևի ջուրը։ Բայց ջրամբարը քայքայված լինելով, այլևս ջուր չէր պահում։

Այդ բոլորը տանելի կլիներ, եթե մեզ թույլ տային փոքր-ինչ քնելու։ Ամբողջ գիշերը հանգստություն չտվին մեզ։ Ամեն րոպե հայտնվում էր ժամկոչը, փայտյա ծանր օթակը ձեռին, և բոլոր խուցերի դռները հերթով ծեծելով, հասնում էր մերին և նրա վրա ևս երեք անգամ զարկելով գոչում էր «ժամ համեցեք»։

Դրանք այն «մշտապաշտոն» կոչված անապատականների կարգիցն էին, որոնք, բացի օրվա սովորական ժամերգությունները, որ կաատրում էր ամբողջ միաբանությունը միասին, կատարում էին նաև մշտական աղոթքներ, և դրա համար միաբանությունը մի քանի դասերի էր բաժանված, որոնք հերթով փոխվում էին։ Եվ այդպես, աղոթքն ու պաշտամունքը եկեղեցում օր ու գիշեր մնում էր անխզելի և երբեք չէր ընդհատվում։ Իսկ այն գիշերը շաբաթվա գիշեր լինելով, ամբողջ միաբանությունը «հսկում» էր կատարում, այսինքն անքուն պիտի աղոթեր մինչև լույս։ Այդ կարգի աբեղաներին հին ժամանակներում հունական անունով կոչում էին «սպուդե» (անխոնջ), իսկ նրանց վանքը «անհանգստից» վանք։ Ի՞նչ հանգստություն էինք որոնում մենք «անհանգիստների» վանքում...

Առավոտյան ժամը վերջանալուց հետո, ես և Ասլանը գնացինք վանահոր աջը համբուրելու և նրան հրաժարական ողջույն տալու։ Նրան միայնակ գտանք իր անշուք խուցի մեջ նստած, և ինչ-որ գրում էր։ Նա թեև խիստ բարեսրտությամբ ընդունեց մեզ, բայց մենք կարճ կտրեցինք, և ոտքի վրա շնորհակալություն հայտնելով դուրս եկանք։

Ուրիշ վանքերում միաբանները, իրանց այցելուներից նյութական ակնկալություններ ունենալով, վերին աստիճանի քաղաքավարի և մինչև, անգամ շողոքորթող են շինում։ Բայց այդ, աշխարհից անջատված, անընչասեր անապատականները ոչ միայն սառն էին վարվում, այլ խորշում էին մեղքի աշխարհի մարդիկներից։ Այդ խորշանքը հասնում էր նրանց մեջ մինչև մարդատեցության։ Իգական սեռին բոլորովին արգելված էր այդ կղզին մտնել, իսկ արական սեռից մուտք են գործում հասակավորները միայն։