Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք ձեր վնասը կստանաք ինձանից,— ասաց Նրան Ասլանը, երբ մենք բաժանվեցանք միմյանցից։

Բերզեն-Օղլին մնաց այնտեղ, պետք է ոտքով գնար Ավանց գյուղը։ Իսկ ես և Ասլանը մեր ձիաներով սկսեցինք դիմել դեպի Այգեստան։

Ճանապարհին միայն ես առիթ ունեցա հայտնելու Ասլանին այն անցքը, որ գիշերը պատահեց Ավանց գյուղում, նավաստիի տանը։ Մի ըստ միոջե պատմեցի, թե ինչպես դուրս եկավ նրա կինը, ինչպես ման եկավ բակի մեջ, ինչպես գնաց մինչև ծովեզրը, և վերադառնալուց հետո՝ ինչպես մոտեցավ, նստեց իմ մոտ և սկսեց պատմել իր ամուսնի եղեռնագործությունը։

Ասլանը իմ առանձին հետաքրքրությամբ այդ բոլորը լսելուց հետո, ասաց ինձ.

— Այդ մարդը մի ժամանակ ծովային ավազակ է եղել... Բայց ազնիվ մարդ է...

ԺԲ

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԱՆԱՊԱՏՆԵՐԻ ԳՈՅՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ճանապարհին Ասլանը մի քանի հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Կտուց անապատի անցյալի մասին, որոնք ինձ այնքան գրավեցին, որ ես խորին ափսոսանքով սկսեցի իմ մտքում դատապարտել ինձ, թե ո՛րքան ապարդյուն կերպով ես վատնել էի իմ պատանեկության ամենաթանկագին ժամանակը, երբ կարող էի շատ բան սովորել և շրջապատող երևույթները կարող էի միշտ ինքս հասկանալ, ինքս քննադատել։ Նա ասում էր, որ այդ անապատը առաջ կպած էր ցամաքին, հետո ծովի ջրերը բաժանեցին նրան և կղզիացրին։ Նա ցույց էր տալիս այն նեղ հրվանդանը, որ արագիլի կորաձև պարանոցի նման երկարացել էր ծովի մեջ։ Այդ հրվանդանը կոչվում է «Կռապաշտանոց»։ Մի ժամանակ նրա վրա եղել է կռապաշտների մեհյան։ Հրվանդանի ուղիղ գլխի հանդեպ գտնվում է կղզին, և այդ պատճառով էլ նա «կտուց», որովհետև արագիլի գլխից կտրված կտուցի նմանություն ունի։ Ես հարցրի Ասլանից, թե ինչպես է պատահել, որ նա