Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտրվել է։ Նա բացատրեց, թե ծովակի ջուրը դարերի ընթացքում հետզհետե բարձրացել է և ողողել է իր եզերքը, շատ նշանավոր տեղեր և շինվածքներ, որ պատմության մեջ հայտնի էին, այժմ կամ իսպառ ծածկվել են ջրի տակը, կամ ցամաքից կտրվելով, կղզիացել են։ Նա օրինակ բերեց Արճեշ բերդաքաղաքը, որ այժմ չորս կողմից առնված է ջրով և նրա ամենափոքրիկ մասն է միայն երևում, և խոստացավ ցույց տալ ինձ Աղթամար կղզու վրա գտնված Արծրունի թագավորների պալատները, որ այժմ կորած են ջրի տակ։ Ես շնորհակալություն հայտնեցի, խնդրելով, որ բացատրե ինձ, թե ի՞նչպես զարգացավ հայերի մեջ անապատական կյանքը, ինչու մարդիկ թողեցին աշխարհը և առանձնացան անապատների ամայության մեջ։

Ասլանը այդ մասին թե՛ այնօր ճանապարհին, և թե՛ ուրիշ ժամանակ, շատ բան էր խոսացել ինձ, եթե բոլորը գրելու լինեմ, մի ամբողջ գիրք կդառնա, ես կդնեմ այստեղ այնքանը միայն, որքան վերաբերում է մեր տեսած Կտուց անապատին և Վանա ծովակի մեջ գտնված մյուս երկու անապատներին, որ կոչվում են Լիմ և Աղթամար։

Պետք է որոշենք միմյանցից, ի՞նչ է վանքը, ի՞նչ է անապատը։

Մեր հայրենիքում վանքերը եղել են սկզբում մի տեսակ հոգևոր-բարեգործական հիմնարկություններ։ Նրանք ծառայել են իբրև դպրոց, ծառայել են իբրև հիվանդանոց կամ ուրկանոց, ծառայել են իբրև աղքատանոց, ծառայել են իբրև իջևան ճանապարհորդների համար և մեր լեռնային երկրի ամենադժվարին տեղերում, ձմեռնային ամեն սաստիկ ցրտերի ժամանակ, պատսպարան են դարձել օտարներին ու պանդուխտներին, մի խոսքով, վանքերը ունեցել են իրանց մարդասիրական նպատակները, որոնք, դարերի ընթացքում կերպարանափոխվելով, հետզհետե շեղվել են նրանց իսկական նշանակությունից և, վերջապես անоգտավետ են դարձել։

Վերոհիշյալ նպատակների համաձայն, վանքերը կառուցվում էին այնպիսի տեղերում, որ ավելի հեշտ հաղորդակցություն ունենան մարդիկների և աշխարհի հետ, որ կարողանան ծառայել իրանց նշանակությանը։

Բայց այդպես չէ եղել անապատը։ Նա անջատվել է կյանքից և խզել է իր բոլոր հարաբերությունները աշխարհի հետ և այդ իսկ նպատակով, իր գոյությունը պահպանելու համար, ընտրել է երկրի ամենաթաքթաքուր տեղերը։ Նա՝ առանձնացել է անտառների մթին